ԱՄՆ նոր պատժամիջոցները, որոնք կոչված են պատժել Ռուսաստանին Ուկրաինայում վերջինիս գործողությունների համար, կկիրառվեն արդեն ուրբաթ օրվանից՝ ապրիլի 18-ից, «Ռոյթերս»-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրը:
Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ ելնելով Ռուսաստանի գործողություններից, Վաշինգթոնն արդեն ակնկալում է որ Ուկրաինայի հարցով Ժնեւում ապրիլի 17-ին նախատեսված ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը ձախողվելու է:
Ամերիկացի պաշտոնատար անձինք արդեն հայտարարել են, որ իրենց ճեղքում չեն ակնկալում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների քառակողմ բանակցություններից: Այսպիսով, ըստ նրա, ռուսական կողմը պետք է սպասի նոր պատժամիջոցների:
Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունները արդեն բացասական կանխատեսումների են արժանացել ամերիկյան հանրապետականների կողմից, որոնք մեղադրում են Օբամայի վարչակազմին՝ Մոսկվայի նկատմամբ թույլ ու ոչ վճռական լինելու մեջ:
Իր կողմից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է նոր պատժամիջոցների սպասի, եթե շարունակի աջակցել անջատողականներին Ուկրաինայի արեւելքում: «Ամեն անգամ, երբ Ռուսաստանը Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ուղղված քայլեր կանի, դրանք հետեւանքներ կունենան»,-ասել է Օբաման:
Միաժամանակ «Բլումբերգ»-ը հրապարակել է 5 պատճառնել, որոնք թույլ չեն տա ԱՄՆ-ին խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
1. ԱՄՆ-ը չունի ծանրակշիռ ապացույցներ խիստ պատժամիջոցներ կիրառելու համար: Օբամայի վարչակազմը ակնհայտորեն համարում է, որ Կրեմլն է ղեկավարում ռուսամետ բողոքի ակցիաները, սակայն մինչեւ այժմ չունի հստակ փաստեր, որպեսզի դա ապացուցի:
2. Եվրոպացիները դեռեւս չեն միացել ԱՄՆ-ին՝ Մոսկվայի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Քանի դեռ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի համոզել իր եվրոպացի գործընկերներին, ԱՄՆ-ը ստիպված է լինելու զինվել հանբերությամբ ու սպասել:
3. Միայնակ գործելը միշտ ռիսկային է, միաժամանակ պարզ չէ, արդյոք այդ ռիսկն արդյունք կտա: Թեեւ Օբամայի վարչակազմը խիստ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, բայց Ռուսաստանն այլ պատմություն է, քանի որ նրա կշիռն աշխարհում անհամեմատ մեծ է:
4. ԱՄՆ-ը ռեսուրսներ չունի ՌԴ-ի նկատմամբ զգալի պատժամիջոցներ կիրառելու համար: Եվրոպան ավելի շատ է ներգրավված Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության մեջ, եւ ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ավելի արդյունավետ կարող են լինել, քան ամերիկյանը: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ առեւտուրը նախորդ տարի կազմել է ընդամենը 40 մլրդ դոլար, ինչը ԱՄՆ ընդհանուր առեւտրի 1 տոկոսն է կազմում:
5. Պատժամիջոցների դեպքում՝ ԱՄՆ-ը եւս վնասներ կկրի: Եթե պատժամիջոցների տակ է հայտնվում Ռուսաստանի էներգետիկ սեկտորը, դա լուրջ վնաս կարող է հասցնել ամերիկյան կորպորացիաներին: «Բոինգն», օրինակ, կախված է Սիբիրից ներմուծվող տիտանից: