News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Այսպիսով, «Օրինաց Երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) հայտարարեց, որ «խնդրահարույց» է համարում կառավարությանն անդամակցությունը եւ համարյա դուրս եկավ կոալիցիայից: Համարյա, որովհետեւ այսօր ապրիլի 17-ն է, իսկ ՕԵԿ-ը՝ ի դեմս իր  նախագահ Արթուր Բաղդասարյանի, իր վերջնական խոսքը կասի ապրիլի 25-ին, ու պետք չէ բացառել, որ փոշմանի: Դրա նախադրյալները ստեղծվել են, երեկվա քաղխորհդրի որոշումը պետք է իբրեւ թե քննարկվի տարածքային կառույցներում, որոնք պետք է հաստատեն կամ մերժեն այն:

Այսինքն՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում ինչ-որ բան փոխվի, տարածքային կառույցները «կմերժեն» այդ որոշումը: Եթե՝ ոչ, կյանքը կդառնա ավելի հետաքրքիր: Որովհետեւ բացառված չէ, որ երեկվանից ՕԵԿ-ը ներդրվում է երկարաժամկետ ու հեռուն գնացող գործընթացի մեջ, ինչպես ներդրվել էր որպես պոպուլիստական ընդդիմություն՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից ստեղծվելուց հետո (հետագայում այդ մասին հրապարակավ հայտարարվել է):
Բայց մինչ ապագային անցնելը, նշենք, որ երեկվա ՕԵԿ-ականների հայտարարություններն ուղղակի լացացնող էին: 2008 թվականի մարտի 1-ից հետո ՀՀԿ-ի «քաղաքական պահակի» կարգավիճակ ստացած այս կուսակցության անդամները երեկ հայտարարում էին կոալիցիայից հեռանալու մասին այնպիսի տոնով, որի ամենապատկերավոր բնորոշիչներն առկա են երեւանյան խոսակցական բառապաշարում: «Ներիր ինձ, մայրիկ» ոճով ՕԵԿ-ը հեռանում է կոալիցիայից՝ շնորհակալություն հայտնելով ՀՀԿ-ին  ու Սերժ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի համար, իսկ «լավ էլի, պապ, մի քիչ էլ խաղամ» լեյտմոտիվով հայտարարում է ընդդիմություն դառնալու մասին:

Կարծես ընդդիմությունը որեւէ կառույցին կից խորհրդի քարտուղարի պաշտոն է, որպիսին դառնում են ինչ-որ մեկի նշանակմամբ, եւ որից կարող են հրաժարական տալ այնպես, ինչպես Արթուր Բաղդասարյանն է երեկ հրաժարական տվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Դժվար չէ, ի դեպ, կռահել, որ նրան հանձնարարել են դիմել այդ քայլին՝ ի ցույց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ավելորդ անգամ հասկացնելով, որ անգամ նրա կողմից հեգնվող Արթուր Բաղդասարյանն ավելի ընդդիմադիր է, քան ինքը, որ «պայքարելով» իշխանության դեմ՝ շարունակում է զբաղեցնել ԱԽ անդամի պաշտոնը՝ Ս. Սարգսյանին օդանավակայանում դիմավորել-ճանապարհելու արդարացում ունենալու համար:

Այսպիսով, եթե հանկարծ ՕԵԿ տարածքային կառույցներն ընդունեն կուսակցության ղեկավար մարմնի որոշումը (որպես անսահման ժողովրդավարական ու սկզբունքային կուսակցություն, պետք չէ բացառել նաեւ հակառակը) եւ ՕԵԿ-ը դառնա ընդդիմություն, ապա դա կուրվագծի Սերժ Սարգսյանի պլանները՝ կապված 2017-18 թվականի ընտրությունների հետ:
ԱԺ ընտրություններում ՕԵԿ-ը կլինի իշխանության «ընդդիմությունը», ինչպես որ է՛ր մինչեւ 2008 թվականը, իսկ նախագահի ընտրություններում՝ Արթուր Բաղդասարյանը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր թեկնածուն: Այսպիսով, ՕԵԿ-ը գնում է զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը, սակայն՝ ավելի «արժանապատիվ պայմաններով»:
 Ինչպես ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւս նախագահի մասին որեւէ քննադատական խոսք չի ասելու, սակայն անողոք քննադատելու է կառավարությանը՝ առանց ներկայացված լինելու ԱԽ-ում: Իսկ որ կառավարությանը քննադատելու է ավելի հուժկու, քան էր՝ ԲՀԿ-ն՝ Տիգրան Սարգսյանի հանդեպ, երեւաց արդեն երեկվա հայտարարություններից:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ