News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Թբիլիսիի կենդանաբանական այգիների միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում (15.02.2012թ.) Երեւանի կենդանաբանական այգին ձեռք բերեց նոր բնակիչ` 3 տարեկան արու յագուար (Panthera onca): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենդանաբանական այգու կայքից:

Յագուարը կատվազգիների ընտանիքին պատկանող միակ տեսակն է, որը հիմնականում հանդիպում է Կենտրոնական Ամերիկայի տարածքում, սակայն վերջինիս պոպուլյացիան շարունակում է կրճատվել որսագողության եւ կենսամիջավայրի քայքայման պատճառով: Յագուարը երրորդ ամենախոշոր կատվազգին է վագրից եւ առյուծից հետո: Վարքագծով ավելի շատ նմանվում է վագրի, քանի որ վերջինիս պես շատ է սիրում լողալ` ի տարբերություն հովազների: Հովազի ու յագուարի արտաքին նմանության պատճառով այս երկու կենդանիներին հաճախ են շփոթում: Յագուարն ավելի խոշոր է, մեծ փորով, ավելի փոքր ոտքերով եւ հաստ պոչով` ի տարբերություն ավելի գեղակազմ հովազի: Կենդանին ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միավորում) կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ:

Հարկ է նշել, որ հազվագյուտ կենդանիների արտահանումը, վաճառքը կամ փոխանակումը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» միջազգային կոնվենցիայով (1973), որին Հայաստանը միացել է 2009թ.: Կոնվենցիայի հավելվածներում ներառված կենդանիների ներկրումն ու արտահանումը կազմակերպվում է CITES թույլտվություններով` ներկրող եւ արտահանող երկրները համակարգող մարմինների միջոցով: Տվյալ դեպքում յագուարի` Վրաստանից Հայաստան տեղափոխումն իրականացվել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերին համաձայն, համապատասխան կարգով ներկայացվել են բոլոր անհրաժեշտ կենդանաբուժական փաստաթղթերն, իրականացվել կոնվենցիայի դրույթներից բխող բոլոր պայմաններն ու ձեռք բերվել կենդանու ներմուծման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները: Երեւանի կենդանաբանական այգին կարեւորում է CITES-ի կոնվենցիայով կարգավորվող հազվագյուտ կենդանատեսակների փոխադրման դրույթների իրականացումը, քանի որ սա եւս մեկ քայլ է Հայաստանում եւ ամբողջ աշխարհում հազվագյուտ կենդանատեսակների պահպանմանը նպաստելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ