News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն կառավարման ամբողջ պատասխանատվությունը պետք է վերցնի իր վրա, քանի որ «այլեւս մեղավոր բալիկ չի լինելու», որի վրա կբարդեն իրենց սեփական սխալները: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալուն:

«ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց, ՀՅԴ-ն էլ չմտավ, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ ծայրահեղ ընդդիմադիր են, իսկ ՕԵԿ-ն երեկ դուրս եկավ: Հետեւաբար հանրապետականները կառավարման ամբողջ համակարգի պատասխանատվությունը պետք է վերցնեն իրենց վրա, քանի որ այլեւս մեղավոր բալիկ` ՕԵԿ-ը չկա, որ բոլոր սխալների համար մեղադրես»,- ասաց նա:

ՕԵԿ-ի դուրս գալը սոցիոլոգի կարծիքով պայմանավորված է Արթուր Բաղդասարյանի վարչապետ չնշանակվելով: Այս պարագայում Ահարոն Ադիբեկյանին հետաքրքրում է, թե նոր վարչապետն ինչպես կվարվի այս ոլորտում:

«Պատմությունը ցույց է տվել, որ անգրագետ նախագահը կարող է ավելի լավ կառավարել երկիրը, քան ամենագրագետ անձը: Այն իշխանավորը, որն ունակ է ունենալու գրագետ փորձագետներ, հաջողության կհասնի: Չկարծեք, որ Ղրիմի միանալը Ռուսաստանին մենակ Պուտինի շնորհքն էր, նա ուներ մասնագետներ, ովքեր հրաշալի ներկայացրին իրավիճակը: Նույնն էլ Հովիկ Աբրահամյանինն է վերաբերում»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Երկիրը տնտեսական ճգնաժամից հանելու համար Հովիկ Աբրահամյանն ըստ սոցիոլոգի ունի լավ նախադրյալ` բանկային համակարգը, որի նկատմամբ հասարակությունը մեծ վստահություն ունի:

«Եթե հաշվի առնենք, որ Հովիկ Աբրահամյանը կկառավարի տասը տարի, եթե կարողանա այդ ընթացքում կառուցի գործարաններ, որտեղ կաշխատեն գոնե մեկ-երկու հազար մարդ, ապա վստահ կարող ենք ասել, որ նա լավ է ղեկավարել»,- ավելացրեց նա:

Լրագրողների հարցին` ինչ միջոցներով է Հովիկ Աբրահամյանը գործարաններ կառուցելու, սոցիոլոգը պատասխանեց. «Եթե պետական երաշխավորագրեր տա, ապա մեծ գումարներ կգան Հայաստան: Օրինակ` չինացիները պատրաստ են 50 հազար աշխատատեղ բացել, միայն թե նրանց պետական երաշխավորագիր կտրվի: Հուսամ, որ Հովիկ Աբրահամյանն ավելի ռիսկով կգործի»:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀ նորանշանակ վարչապետ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը: Նշանակումից ընդամենը մի քանի օր հետ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից: Պատճառներից մեկն էլ այն էր, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չի նշանակվել վարչապետ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ