News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, գործարար Արագած Ախոյանը կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա շեշտեց, որ ԲՀԿ-ն առայժմ չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է եւ շարունակում է մնալ այլընտրանք: «Երբ որ կլինի քաղաքական որոշում, այդ ժամանակ կխոսենք: Ես ինքս չեմ պատրաստվում ԲՀԿ-ից դուրս գալ, մնացածի մասին ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց գործարար պատգամավորը: Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում գրելուն, Արագած Ախոյանն ասաց, որ երեւի նա անձնական խնդիրներ ունի: Հարցին, թե եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է, արդյոք գործարար հատվածին վտանգ չի սպառնա, Արագած Ախոյանը լավատեսորեն է տրամադրված, նա չի կարծում, որ իր կուսակցության կեցվածքի պատճառով ինքը գործարարության մեջ խնդիրներ կունենա՝ իր բիզնեսը կխլեն կամ գործերը վատ կընթանան: «Ինչի՞ եք դուք իշխանությանը ներկայացնում որպես բիզնես խլող օրգան, ի՞նչ է նշանակում բիզնես խլել, ո՞ր դարն է սա, կարծում եմ՝ մեր պետությունը ռեկետ չի, որ բիզնես խլի: Քաղաքական պայքարը անձնական գործունեության հետ կապ չունի, ի՞նչ կապ ունի դրա հետ ընտանեկան բիզնեսը, բազմիցս ընդդիմադիր ելույթներ եմ ունեցել եւ չեմ կարծում, որ խնդիրներ են եղել»:

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ԲՀԿ-ն կաշկանդված չի լինի Կառավարությանը քննադատելիս, պատգամավորն ասաց, որ բարեկամությունը քաղաքականության հետ կապ չունի: «Դա պետք է պարոն Ծառուկյանին հարցնեք, նա այդ մասին ասել է»,- հավելեց Արագած Ախոյանը:

Տպել
Ամենաշատ