News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Տեսակետ  կա, որ ՕԵԿ-ի կոալիցիան լքելու պատճառը Արթուր Բաղդասարյանի վարչապետ չնշանակվելն է, առավել եւս ավելի վաղ Հեղինե Բիշարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Ի՞նչ դեր է ունեցել Հովիկ Աբրահամյանի նշանակումը այդ պաշտոնին ՕԵԿ-ի կոալիցիան լքելու որոշման մեջ:

Այն, որ մենք Արթուր Բաղդասարյանին տեսնում էինք վարչապետի պաշտոնում, եւ վստահ էինք, որ նա կարող է արդյունավետ աշխատել եւ լուծումներ տալ ժողովրդի խնդիրներին, դա փաստ է, ինչի մասին ասել ենք բաց ու հրապարակային, բայց ասել, թե միայն դա է պատճառը, ճիշտ չէ: Այդ պատճառները մի քանիսն են, որոնք շարադրված են քաղխորհրդի որոշման մեջ:

Ինչպե՞ս  եք վերաբերում Հովիկ Աբրահամյանի  թեկնածությանը  վարչապետի պաշտոնում, նա կկարողանա՞ երկրում  ծառացած խնդիրները լուծել եւ ինչո՞վ է պայմանավորված նրա նշանակումը

Երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ` հատկապես սոցիալ-տնտեսական, լուծման կարիք ունեն: Դրանց լուծումը պայմանավորված է իհարկե եւ վարչապետով, եւ նաեւ ամբողջ կառվարության գործունեության արդյունավետությամբ: Դրանից բացի անհրաժեշտ է քաղաքական ուժերի հետ շփումների եւ գործակցության արդյունավետ եզրերի ձեւավորում: Եվս մեկ կարեւորագույն խնդիր եմ ես տեսնում` ներդրումների ներգրավումը եւ միջազգային կազմակերպությունների հետ սերտ աշխատանքը` ելնելով աշխարհատնտեսական իրավիճակից: Երկրին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որոնք սակայն պետք է ունենան հանրային լուրջ աջակցություն: Ինչպես կկարողանա Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը այս խնդիրները լուծել` ժամանակը ցույց կտա:

Քանի որ վարչապետի նշանակումը իրականացվել է Հանրապետական կուսակցության կողմից, կարող եմ ենթադրել, որ դա կարող է պայմանավորված էր ինչպես ներքին կուսակցական գործընթացներով, այնպես էլ այլ քաղաքական գործոններ հաշվի առնելով:

Թեեւ դուք  կոալիցիայից  դուրս գալու վերաբերյալ հայտարարություն եք տարածել՝ նշելով մի շարք պատճառներ, երկրում առկա խնդիրներ, բայց տարակուսելի չէ՞, որ այդքան ժամանակ լինելով  իշխանության մաս՝  այդ մասին այդպես համարձակորեն հայտարարում  եք հենց հիմա՝ նոր վարչապետի նշանակումից հետո:

Լինելով  իշխանության մաս` երկրում առկա խնդիրների վերաբերյալ մենք միշտ համարձակորեն խոսել ենք եւ մամուլով եւ Ազգային ժողովում` հայտարարությունների եւ կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի, ինչպես նաեւ հարցապնդումների ժամանակ: Այդ ամենը փաստագրված է մամուլում: Մենք միշտ ասել ենք, որ իշխանության մեջ լինել չի նշանակում լռել պրոբլեմների մասին, այլ ընդհակառակը` նշանակում է վեր հանել խնդիրները եւ լուծել: Խորհրդային տարիների «ադաբրյամսի» ժամանակները վաղուց անցել են: Իշխանության մեջ լինել եւ ասել, որ ամեն ինչ փայլուն է, նույնքան ընկալելի չէ, որքան լինել ընդդիմություն հանուն ընդիմության, կամ անտրամաբանական ընդդիմադիր կեցվածք որդեգրել: Միաժամանակ բազմաթիվ խնդիրներ մենք բարձրաձայնել ենք կոալիցիայի մեր գործընկերների հետ ներքին քննարկումների ընթացքում:

Բացի այդ, ինչպես նշվել է կուսակցության քաղաքական խորհրդի գնահատմամբ, ՀՀ Նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ: Իսկ նոր վարչապետի նշանակումը դրա բաղկացուցիչներից մեկն է:

Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական մյուս ուժերի հայտարարությունները ՕԵԿ-ի կոալիցիան  լքելու մասին: Իշխող ՀՀԿ-ի հետ դուք չեք ցանկանում համագործակցել, իսկ ոչ իշխանական  ուժերն էլ, դատելով նրանց հայտարարություններից, կարծես չեն շտապում ձեզ հետ  համագործակցելու: 

ՕԵԿ-ը մշտապես եղել է ոչ թե քաղաքական թշնամության, այլ քաղաքական համագործակցության կողմնակից: Քաղաքական ուժերի հայտարարությունները կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալու կապակցությամբ համարում եմ բավականին քաղաքակիրթ եւ հավասարակշիռ` մեկ բացառությամբ:  Ընդհանրապես դա  յուրաքանչյուր քաղաքական գործչի եւ քաղաքական ուժի քաղաքական կուլտուրայից է կախված: Իհարկե, մենք պատրաստ կլինենք համագործակցել այն ծրագրերի, նախագծերի շրջանակներում, որոնք կհամապատասխանեն մեր քաղաքական տեսլականին: Ես ուզում եմ կրկնել, որ մենք ընտրել ենք մեր ճանապարհը եւ առաջ ենք գնալու այնպես, ինչպես ինքներս ենք նպատակահարմար գտնելու:

ՕԵԿ-ի քվոտայով  նախարար  դարձած պաշտոնյանները լքեցին կուսակցությունը: Արդյոք սա դավաճանություն չէ՞ կուսակցությանը եւ մտավախություն չունե՞ք, որ կսկսվի առնետավազք:

Նախարարների կուսակցությունից դուրս գալու դիմումների բավարարումը քաղաքական խորհրդի կողմից  բնական էր: Մենք հարգեցինք նրանց դիմումը քաղաքակիրթ եղանակով Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: Ինչ վերաբերում է Ձեր ձեւակերպմամբ «առնետավազքից» չենք վախենում, ընդհակառակը համոզված ենք, որ միգուցե մի քանի հոգի կգնան, բայց  տասնյակ անգամ ավելի մարդիկ կգան կուսակցություն, մարդիկ, որոնք մեզ հետ միասին ճանապարհ կգնան` կիսելով մեր արժեքներն ու մեր մոտեցումները: Մենք դա արդեն տեսել ենք մեր կուսակցական պատմության ընթացքում:

ՕԵԿ-ն արդեն  մի անգամ ընդդիմություն եղել է, սակայն  հետո կազմել է իշխանության մաս, այդ քայլը գնահատվել է դավաճանական: Դժվար չի՞ լինի նորից հասարակության վստահությունը շահել, արդյոք իսկական ընդդիմություն դառնալու կամուրջները ՕԵԿ-ը չի՞ այրել:

Աշխարհի բազմաթիվ երկրներում` ամբողջ արեւմտյան աշխարհը` ԱՄՆ, եվրոպական բոլոր երկրների խորհրդարաններում եւ քաղաքական կյանքում գործում են մի քանի հիմնական կուսակցություններ, որոնք մեկ ընդդիմություն են, մեկ էլ կազմում են իշխանություն: Սրանք նորմալ քաղաքակիրթ գործընթացներ են: Նույնը եղել է նաեւ մի շարք այլ հայաստանյան կուսակցությունների հետ:

ՕԵԿ-ը 1997-2003թթ. եղել է ընդդիմություն, 2003թ-2006թ. ընտրություններում գրավելով երկրորդ տեղը` մաս կազմեցինք կոալիցիային:

2008թ. երբ ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը, այո, եղան մարդիկ, որ փորձեցին մեզ պիտակավորել: Գաղտնիք չէ, որ ունեցանք վարկանիշի անկում, սակայն հետագայում մարդիկ հասկացան, որ ՕԵԿ-ի քայլը միակ ճիշտ մոտեցումն էր, քանի որ այն կանխեց զոհերի շատ ավելի մեծ քանակը, երկրի ապակայունացումը: Այսօր արդեն կարելի է միանշանակ այդ մասին խոսել, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ Ադրբեջանը կուտակեց լրջագույն զինված ուժեր եւ Բաքվում սպասում էին Հայաստանում իրավիճակի ապակայունացմանը: Այն ժամանակ ՕԵԿ դիրքորոշումը կարեւորագուն գործոն էր երկրի անվտանգության ապահովման համար:

Մենք համոզված ենք, որ ՕԵԿ-ը ունի հասարակության մեջ բավարար պաշար եւ կունենա հասարակական աջակցություն: Ի՞նչ է նշանակում իսկական ընդդիմություն: Ընդդիմություն կամ կաս կամ չկաս:

Արդյոք ՕԵԿ-ի կոալիցիայի դուրս գալը նախապատրաստական քայլ չէ 2017-2018թթ ընտրություններից առաջ:

Այդ ընտրություններին դեռեւս երկար ժամանակ կա եւ այսօր խոսել այդ մասին տեղին չէ: Մեր մոտեցումը շատ հստակ է: Լինելով կոալիցիայում՝ մենք, չնայած բազմաթիվ փորձերին, չկարողացանք ունենալ իրական դերակատարում իշխանության մեջ, առանցքային խնդիրներում չէինք կարողանում կյանքի կոչել մեր ծրագրերը, քանի որ ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն եւ ի զորու էր որոշումներն ընդունել ինքնուրույն: Այդ պատճառով էլ քաղխորհրդի նիստում հատուկ արձանագրեցինք, որ հաշվի առնելով ՀՀ նախագահի հայտարարությունն առ այն, որ նա հրաժարվում է ապագայում այլեւս զբաղեցնելու ՀՀ Նախագահի կամ վարչապետի պաշտոնները, ինչպես նաեւ գերակայություն է համարում ապագայում եւս Հայաստանի Հանրապետական կուսակցության  որոշիչ դերակատարությունը, ընդունելով, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցություն, ունի բավարար ներուժ միանձնյա ձեւավորելու կառավարությունը եւ ստանձնելու լիարժեք քաղաքական պատասխանատվություն:

Զրուցեց Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ