News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 17-ին, ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստին  մեղադրյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ  փորձագիտական եզրակացության մեջ հակասություններ կան եւ միջնորդություն ներկայացրեց դատարան հրավիրել եւ հարցաքննել փորձագետներին: Դատարանը բավարարեց միջնորդությունը, ինչը առաջացրեց սպանված զինծառայողի մոր` Լուիզա Ստեփանյանի վրդովմունքը:

«Հաջորդ անգամ,  էլի կգա, կասի չի կրակել, կարա՞ լինի տենց բան, մի հատ մարդկային արժանիք չունի անգամ: Եթե մի հատ պարզաբանում չեղավ, կթքեմ ձեր երեսին, դատարանից դուրս կգամ: Ոչ մի հարգանք չունեք իմ հանդեպ. մեռած եմ, թաղած չեմ, հասկացեք»,- տիկին Լուիզան վրդովված դիմեց մեղադրյալին ու նրա պաշտպաններին:

Պաշտպանական եւ մեղադրող կողմերը երբ դատավորի հետ նշանակում էին հաջորդ դատական նիստի օրը, կինը նորից բորբոքվեց. «Մայիսի 15-ի նշանակեք ու կտեսնեք այդ օրը ինչ եմ կատարելու, սպանություն է լինելու: Չի մտածում, որ 3 մետր այն կողմ կրակողն ա դեմս նստած ու ծամծմում են, մեռնես դու»:

Այսօր դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով,  քանի որ մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը ուշացումով հասավ դատարան:

Դատարանը հրապարակեց գործով վկաներ Արշակ Պետրոսյանի, Միշա Ջանազյանի, Հրաչյա Մարգարյանի եւ Դավիթ Խաչատրյանի միջեւ առերես հարցաքննությունների արձանագրությունները:

Միշա Ջանազյանի եւ Դավիթ Խաչատրյանի առերես հարցաքննության արձանագրությունում գրված էր, որ  Դավիթ Խաչատրյանը զենքը լիցքավորելով, հետ է նայել դեպի ցանկապատ, ապա նշան է  բռնել  դեպի ծխարան,ասել է կկրակեմ,  Լյուքսը նրան պատասխանել է. «Չկրակողի...» ու լսվել է կրակոց:

Դավիթ Խաչատրյանն էլ առերես հարցաքննության ժամանակ նշել է, որ ինքը նշան չի բռնել, եւ չի ասել, որ կկրակի, սակայն Միշա Ջանազյանը պնդել է, որ ինքը լսել է, Դավիթի կողմից նման արտահայտություն:

Մեղադրյալի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանում արձանագրությունները ընթերցելուց հետո հայտարարություն արեց, որ նշված վկաները չեն էլ հերքել, որ Դավիթը չի հայհոյել, ուղղակի ասել են, որ չեն հիշում այդ մասին:

Փաստաբանը նաեւ ընթերցեց փորձագիտական եզրակացությունը, ըստ որի  առաջինը հրազենային վնասվածք է ստացել Հրաչյա Սարգսյանը, այնուհետեւ Լյուքս Ստեփանյանը:

«Փորձագիտական հետեւություններում առկա է հակասություն, նշված վնասվածքների ուղղություններում:Լյուքս Ստեփանյանը կրակոցի պահին նայել է դեպի Դավիթ Խաչատրյանին, ինչը տրամաբանական է, քանի որ նրա հետ է խոսել»,-ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը եւ միջնորդություն ներկայացրեց փորձագետներին դատարան հրավիրելու վերաբերյալ:

Դահլիճում նստածները վրդվվեցին, Լյուքս Ստեփանյանի հարազատներից մեկն էլ ասաց. «Հլա մի հատ նրա մասին մտածի, որ հողի տակն է էսօր, ու՞մ ես եկել պաշտպան կանգնել»: Դատավորը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից:

Դատախազ Արթուր Զաքարյանի կարծիքով` միջնորդությունը անհիմն է, ենթակա է մերժման եւ դատաքննությունը հետաձգելու միտում ունի:

«Երբ ունենք փաստ, որ մի գծի վրա նստած է երկու զինծառայող, նույն գծի վրա հրազենով կանգնած զինծառայող, որը կրակել է, ունենք անձ, որը չի ընդունում, որ դիտավորյալ է կրակել, լավ ընդունենք պատահական է կրակել, ունենք նույն դիրքով երկու հրազենային վիրավորվածներ, որոնցից մեկը ցավոք սրտի մահացել է, սակայն ցանկացած մարդ եթե իր վրա հրազեն պահեն պաշտպանական գործողությունների կդիմի, գլուխը կթաքցնի, կթեքի եւ այլն: Վերջին հաշվով ինչ տարբերություն, թե գլուխը որ կողմն էր: Գնդակի վրա էլ փոշի չէր կարող լինել, երբ որ մարդու գանգի միջով անցել էր եւ միանշանակ դա է ապացուցում՝ գնդակի ուղղությունն է Հրաչ, Լյուքս, պատ»,-իր կողմից միջնորդություն մերժելը հիմնավորեց դատախազը:

Երեմ Սարգսյանն էլ հակադարձեց, որ դատախազը, իրավունք չունի իր վրա փորձագետի լիազորություններ վերցնել եւ գնահատել, թե գնդակը ինչ ուղղությամբ է անցել. «Եթե մեղադրող կողմը համաձայն է փորձագիտական եզրակացության հետ, ապա  մենք էլ գտնում ենք, որ գնդակը կպել է Հրաչյա Սարգսյանի գլխին, հարվածել պատին եւ  նոր հետ եկել հարվածել Լյուքսին, այդ «ռիկոշետ» ասվածի հետեւանք է, եւ ինչպես գիտենք, չփարատված կասկածները մեկնաբանվում  են հօգուտ մեղադրյալի»:

Մեղադրյալի պաշտպան Վաղինակ Գեւորգյանն էլ ասաց, որ եթե դատարանը չբավարարի միջնորդությունը , ապա ինքը բացասական կարծիք կձեւավորի նրա հանդեպ, որից վրդովվեց փաստաբան Արմեն Սարգսյանը` ասելով, որ պաշտպանական կողմը պարտադրում է դատարանին կայացնել իրեն ցանկալի որոշում:

Դատական նիստը տեղը հետաձգվեց:  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին:

Նշենք, որ դատական նիստին ներկա էին Լյուքս Ստեփանյանի 70-80 հարազատներ եւ համագյուղացիներ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:

Տպել
Ամենաշատ