News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում Արտյոմ Կարապետյանի («Շեկոյի») սպանության գործով ապրիլի 17-ի դատական նիստին ներկայացած 2 վկաներից  մեկը՝ 16-ամյա Գարիկ Խաչատրյանը, պատմեց, որ դեպքի ժամանակ քրոջ՝  «Ցածր գներ» վաճառատան աշխատակցուհի Ասյա Խաչատրյանի (գործով նույնպես վկա ) հետ խանութի դիմաց կայանած տնօրենի ավտոմեքենայից ապրանքը դատարկելիս է եղել, լսել է կրակոց  ու վազել խանութ։ Վկայի խոսքով՝ ինքը չի տեսել ոչ կրակողին, ոչ էլ զենք: Սակայն նախաքննական ցուցմունքում նա քննիչին ասել էր, որ խանութի  դիմացի մայթից տեսել է ինչ-որ անձնավորության, ձեռքին՝ հրազեն։ Այսօր անչափահաս վկան դատարանում ասաց, որ ցուցմունքն ինքը չի գրել, իր համար այն անգամ չեն ընթերցել, նախաքննական ցուցմունքի ժամանակ իրեն ոստիկանություն տարել առանց ծնողների իմացության:

«Ես ապրանքը դուրս էի բերում մեքենայից ու ներս տանում, մել էլ լսեցի կրակոց, վազեցի ներս, վախեցած պառկեցի գետնին ու էլ բան չեմ հիշում, մեկ էլ եկան, մեզ տարան ոստիկանություն, մամայիս էլ չէին ասել, որ տանում են, մինչեւ գիշերը 12-ը սոված-ծարավ պահեցին, վերջում էլ տուն չտարան, ցուցմունքն էլ ես չեմ գրել, ինձ ասեցին՝ գրի, ես ասեցի՝ որ վախեցած եմ ու չեմ կարող գրել, իրանք գրեցին, հետո մի  քանի օր իրար հետեւից տանում, բերում էին, ամեն օր տարբեր մարդիկ էին գալիս, տարբեր հարցեր տալիս, բայց ես ոչ տեսել եմ՝ ով է կրակել, ոչ էլ ավտոմատ եմ տեսել»,-պատմեց Գարիկ Խաչատրյանը:

Գործով հաջորդ վկան՝ 70-ամյա Իսկուհի Մաթեսյանը, որը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեխաների կնքահոր՝ Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութ) հարեւանուհին է,  դատարանին պատմեց, որ դեպքի օրը  ձայներ է լսել, պատուհանից դուրս է նայել ու տեսել կուտակված մարդկանց, բնակարանից դուրս է եկել ու շքամուտքի մոտ հանդիպել  «Քավոր Հարութին»՝ բերանն արյունոտ, այնուհետեւ աստիճանների մոտից գտել է բջջային հեռախոս, որը, ըստ նրա, Հարություն Խաչատրյանի կնոջն է եղել, վերցրել է ու տուն բարձրացել:

«Ես որ իջա ներքեւ, տեսա՝ քավոր Հարութին բերանը, շորերը արյունոտ վիճակով , վախեցա, ասեցի՝ տեսնես ինչ է եղել, հեռախոսը գտա աստիճանների վրայից, ասեցի՝ երեւի Ծովիկինն է՝ քավորի կնոջինըը, գցել է, վերցրի, տարա տուն, ժամեր անցավ, ոստիկանությունից եկան՝ ասեցին՝ տատ ջան, հեռախոս գտե՞լ ես, ասեցի՝ հա, վերցրեցին, ինձ էլ հարցուփորձ արին, գնացին»,-պատմեց վկան:

Դատարանը նախորդ նիստին որոշում էր կայացրել բերման ենթարկել 7 վկայի, այդ թվում՝ Քավոր Հարութի ընտանիք անդամներին, սակայն ոստիկանությունից դատարան ծանուցում էին ուղարկել, որ Խաչատրյանները տվյալ հասցեում չեն բնակվում: Դատարանը կրկին վկաներին բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց՝ նշելով, որ նրանց վկայությունը դատարանում պարտադիր է:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։  Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, եւ առաջինը իր վրա են կրակել:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեվորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն:

Տպել
Ամենաշատ