News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  եւ «Երեւան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանի հետ հանդիպման ընթացքում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարեւորությունը, Երեւանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետեւողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող բարելավման աշխատանքները. «Երեւանցիների համար անխափան եւ որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք զգալիորեն բարելավել են մայրաքաղաքի ջրամատակարարման որակը: Սակայն այսօր դեռեւս առկա են գրաֆիկի հետ կապված խնդիրներ եւ պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ Երեւանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովվի եւ որ ամենակարեւորն է՝ երեւանցիները գոհ մնան մատուցվող ծառայություններից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ,  ուսումնասիրել  առաջադրվող բոլոր խնդիրներն ու քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ. «Բնակիչների հետ հանդիպումների շրջանակում հաճախ եմ առիթ ունենում անձամբ տեղեկանալու բոլոր այն խնդիրներին, որոնք բարձրացվում են նրանց կողմից: Եվ պետք է ասեմ, որ քիչ չեն նաեւ ջրամատակարարման հետ կապված հարցերը: Գուցե դրանք նաեւ մասնակի լուծում ենթադրող են, բայցեւայնպես անհրաժեշտ է դրանց նկատմամբ եւս լինել առավել ուշադիր: Ըստ այդմ, վստահ եմ, որ ստեղծված աշխատանքային խումբը առավել համակողմանի կծանոթանա ու կվերլուծի բնակիչների կողմից բարձրացվող հարցերն ու կառաջարկի արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:   

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Երեւան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ համագործակցության համար եւ ընդգծել, որ «Երեւան Ջուր» ընկերությունը եւս պատրաստակամ է հետագա համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցում. «Մենք պարտավորված ենք կյանքի կոչել Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երեւանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում: Բացի այդ, մենք պատրաստակամ ենք նաեւ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել, որպեսզի բնակիչները գոհ մնան մատուցվող ծառայությունների որակից: Պետք է նաեւ նշեմ պարոն քաղաքապետ, որ ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում ավելացնելու ներդրումների ծավալները, որպեսզի  շահագործման ոլորտում եւ ներքին ցանցերի արդիականացման ուղղությամբ  էլ ավելի ծավալուն աշխատանքներ տարվեն»,- նշել է Ռոստիսլավ Չապմանը:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ «Երեւան Ջուր» ընկերությունն իսկապես վստահելի գործընկեր է:

Տպել
Ամենաշատ