News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանը Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի օրը հեռախոսով խոսել է մինչեւ դեպքի վայր հասնելը։ Սա ապացուցելու նպատակով նրա պաշտպանները հարցում են ուղարկել «Ղ-Տելեկոմ», որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ ալեհավաքը, որը որսացել է նրա հեռախոսազանգը, տեղադրված է եղել Եղվարդ քաղաքում։ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այդ փաստաթուղթը այսօր՝ ապրիլի 18-ին, հրապարակեց Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում եւ խնդրեց կցել այն գործի նյութերին։

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը չառարկեց, որ փաստաթուղթը կցեն գործի նյութերին, սակայն ասաց, որ դրանք ամբողջական չեն, քանի որ մեկ ալեհավաքի ծանրաբեռնվածության դեպքում մյուսը կարող է սպասարկել տվյալ զանգը:

Հիշեցնենք, որ տուժող կողմը հայտարարել էր, թե Վարդան Պետրոսյանը մեքենան վարելիս խոսելիս է եղել հեռախոսով, ինչին առարկել էր պաշտպանական կողմը։ Վարդան Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը կարճ հեռախոսազրույց է ունեցել մինչեւ դեպքի վայր հասնելը:

Դատարանը որոշեց փաստաթղթերը կցել գործի նյութերին: Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց նաեւ գործի նյութերին կցել դեպքի վայրի չորս լուսանկար՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արխիվից։ 

Ռուբեն Բալոյանը նկատեց, որ քրեական գործի նյութերում դրանք առկա են, ինչի հետ չհամաձայնեց Նիկոլայ Բաղդասարյանը։ Բալոյանը դատարանին ասաց, որ այդ նկարներն իրենց մոտ կան, եւ իրենք չեն ցանկանում դրանք կցել գործին: Դատարանը, սակայն, որոշեց կցել դրանք քրեական գործի նյութերին:

Փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ տուժող կողմի կարծիքով՝ այս ամենն արվում է լրատվամիջոցների համար.

«Գործի չհետազոտված ապացույցները նախօրոք է հրապարակում ՝ խախտելով քրեական օրենսգիրքը: Դատարանին խնդրում եմ կասեցնել պաշտպանական կողմի անօրինականությունը եւ թույլ չտալ, որ գործն ընթանա պաշտպանական կողմի հայեցողությամբ»:

Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը Քրեական օրենսգրքի որեւէ կետ չի խախտում: Նա միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հիմնավորելով, որ դեպքի վայրում բացակայել է բնակավայրի ելքի ճանապարհային նշանը, ինչը պարզվել է Տրանսպորտի նախարարություն եւ Եղվարդի քաղաքապետարան արված հարցումների արդյունքում: Նա նաեւ նշեց, որ Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է 71 կմ/ժամ արագությամբ, այնինչ ճանապարհի այդ հատվածում թույլատրվում է 90 կմ/ժ արագություն. «Այսինքն Պետրոսյանի մեքենայի արագությունը թույլատրելի է, եւ նա ճանապարհային երթեւկության խախտում չի կատարել: Այս արագությամբ նա լիարժեք կարողացել է կառավարել մեքենան»։

Ռուբեն Բալոյանը առարկեց՝ ասելով, որ տպավորություն է, թե գործում առկա են միայն Բաղդասարյանի ներկայացրած փաստաթղթերը, եւ նախաքննական մարմնի առկայության կարիք չկա. «Պարոն Բաղդասարյանի կարող է ներկայացնել, որ վթար ընդհանրապես չի եղել: Միջնորդությունն անհիմն է,  նման տվյալ չկա, որ վարել է 71 կմ/ժամ արագությամբ: Այնպիսի տպավորություն է, որ փաստաբանը Վարդան Պետրոսյանի փոխարեն ցուցմունք է տալիս, հնարավոր է, որ Պետրոսյանը իր ցուցմունքում ասի 100 կմ/ժամ արագությամբ է վարել մեքենան»:

Դատական նիստը շարունակվում է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ