News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, Ա. Աշոտյանը կարեւորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցության փորձ: Մասնավորապես, Ա. Աշոտյանն ընդգծել է միջպետական ծրագրերի ու  Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը՝ նշելով, որ 2012թ-ին Բոլոնիայի քարտուղարությունը Երեւանին փոխանցվել է Բուխարեստից: Ա. Աշոտյանի խոսքով՝ հայկական կողմի  համար օգտակար է եղել Ռումինիայի կուտակած փորձը: «Այս համագործակցության ընթացքում հայկական եւ ռումինական կողմերի միջեւ գործընկերային շատ լավ հարաբերություններ են ձեւավորվել, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ հետագա համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար»,- նշել է Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ Բոլոնիայի երեւանյան նախարարական գագաթաժողովը նախատեսված է 2015 թվականին: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը երկկողմ կրթական կապերի ամրապնդման համատեքստում կարեւորել է Ռումինիայում հայկական համայնքի գոյությունը, եւ գոհունակությամբ նշել, որ ռումինական կողմի աջակցությամբ Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը: Ա. Աշոտյանն առաջարկել  է նաեւ հետագա համագործակցության շրջանակում համատեղ գիտակրթական ծրագիր իրականացնել:

Կարեւորելով հատկապես կրթության ու մշակույթի գերակայությունը երկու երկրների հարաբերություններում՝  դեսպան Վասիլեն ընդգծել է  ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Ռումինիայի հայկական համայնքի  գոյության փաստը: Դեսպանը  շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայկական կողմի բոլոր նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի իրականացման, միջբուհական  եւ ուսանողների փոխանակման  ծրագրերին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ