News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեւոսիկի եղբոր՝  Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Տիգրան Ասատրյանի փաստաբանը դիմել է դատարան՝  նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 500 հազար դրամ գրավով փոխարինելու միջնորդությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը:

Փաստաբանի դիմումն արդեն մուտք է եղել, եւ նրա կարծիքով՝  առաջարկած 500 հազար դրամը բավականին մեծ գումար է առաջադրված մեղադրանքի դեպքում: Վարդուհի Էլբակյանը Վերաքննիչ դատարանում չի բողոքարկել կալանքի որոշումը, քանի որ իմաստ չի տեսնում դա անել, միեւնույն է, ոչինչ չի փոխվի: Փաստաբանին դեռեւս պաշտոնապես չեն տեղեկացրել գործը ԱԱԾ տեղափոխելու մասին եւ չի կարող ասել, թե ինչի է նման որոշում կայացվել:

Վարդուհի Էլբակյանը հույս ունի, որ այս քննչական մարմնում այս գործով նույն վիճակը չի տիրի, խոսքը «անհիմն մերժումների, անհիմն կալանավորումների եւ անհիմն մեղադրանքների մասին է»: Նրա փոխանցմամբ՝ գործի տեղափոխման պատճառները կարող են բազմաթիվ լինել, նախ՝ մեծ հնչեղությունը, այնուհետեւ՝ իրենց բողոքները: «Հնչեղությունը շատ մեծ է, իրենք դարձրեցին այդպիսին,  միգուցե դրանից ելնելով են տեղափոխել, միգուցե մեր դժգոհությունները հաշվի առնելով, չգիտեմ: Երբ ԱԱԾ-ն սկսի աշխատել, պարզ կլինի՝ դա ինչ նպատակ էր հետապնդում, այս պահին ընդամենը կարող եմ ենթադրություններ անել: Բայց որ ոստիկանությունում հենց սկզբից այս գործով շատ ապօրիութուններ եղան, դա բնականաբար լավ բանի մասին չի խոսում»,- նշեց փաստաբանը:

Վարդուհի Էլբակյանը նաեւ իր զարմանքը հայտնեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների մասին, թե գործով նոր, ծանրակժշիռ ապացույցներ են ի հայտ եկել, որոնց արդյունքում Իսրայել Սարգսյանին սպառնում է ընդհուպ ցմահ, իսկ Տիգրան Ասատրյանին մինչեւ 15 տարվա ազատազրկում: Նա շեշտեց, որ որեւէ նոր ապացույց չկա, իսկ գործով նշանակված փորձաքննությունների եզրակացություններն էլ հիմնավորում են կալանավորվածների անմեղությունը: Փաստաբանը հավելեց նաեւ, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանք նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ