News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ վերջինիս խնդրանքով ներկայացրել ՀՀ կառավարության կողմից ընթացիկ բարեփոխումների շարունակականության ապահովման եւ նոր ռեֆորմների իրականացման տեսլականը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը, բարձր գնահատել ԱՄՆ աջակցությունը մեր երկրում իրականացվող ռեֆորմներին եւ վերահաստատել կառավարության՝ դրանք շարունակելու պատրաստակամությունը: «ՀՀ կառավարությունը հանձինս վարչապետի շարունակելու է ամրապնդել եւ ավելի ակտիվացնել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որ եղել է այս տարիների ընթացքում: Համոզված եմ, որ ապագայում սերտ համագործակցելու ենք եւ ակնկալում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումները շարունակելու եւ ավելի մեծ թափով իրականացնելու գործում», - նշել է վարչապետ Աբրահամյանը:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ շնորհավորել Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ մինչ օրս ծավալված  եւ ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունից՝ պարոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կսերտանան եւ կամրապնդվեն:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն  աշխատելու է թափանցիկ եւ բաց է լինելու հասարակության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ յուրաքանչյուր բարեփոխում պետք է քննարկվի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի այն ճիշտ ներկայացվի, ընկալելի լինի հանրության համար եւ ծառայի իր նպատակին: ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության մի շարք ուղղությունների եւ ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ նոր կառավարության ձեւավորումից հետո մանրամասն քննարկել երկկողմ բազմավեկտոր գործակցության հեռանկարները եւ հետագա ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ