News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԹՈՒՄՈ խորհրդի անդամ եւ Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 18-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում դասախոսություն է կարդացել ծրագրային մշակումների կառավարման թեմայով: «Այն ինչ կարեւոր է» անվանումը կրող դասախոսության ժամանակ նա իր աշխատանքային փորձն է ներկայացրել Twitter ընկերությունում:

Twitter-ի փոխնախագահը հույս է հայտնել, որ կկարողանա երիտասարդ սերնդին փոխանցել իր գիտելիքները, որոնք կօգնեն ինքնուրույն լուծել խնդիրները, չվախենալով իրենց հետագա աշխատանքում որեւէ նոր գաղափար կյանքի կոչելուց:

Անդրադառնալով այն փաստին, որ Twitter-ի դերն այնքան էլ մեծ չէ Հայաստանում, Րաֆֆի Գրիգորյանը նշել է. «Անհնար է միանշանակ պատասխանել հարցին, թե ինչու Twitter-ը Հայաստանում առաջնային օգտագործման միջոց չէ:

Twitter-ն իր բնույթով տարբեր իրադարձությունների հետ է առնչվում` մշակութային, հեռուստատեսային, սպորտային: Այն շատ իրադրողական է, այսինքն` կախված աշխարհում տեղի ունեցող իրադարձություներից` փոխվում է նաեւ Twitter-ի օգտագործման մակարդակը»:  Հայ հասարակության մեջ, Րաֆֆի Կիրակոսյանի խոսքով՝ դեռեւս չեն եղել Twitter-ի օգտագործման դերն ընդգծող իրադարձություններ:

Դասախոսության ավարտին նա պատմել է, որ հայրը Բեյրութի հայերից է, բայց մայրը հայկական արմատներ չունի. նրանք Նյու-Յորքում են ծանոթացել: Րաֆֆի Կիրակոսյանի առաջին լեզուն հայերենն է եղել, քանի որ, Նյու-Յորքում ապրելով, ծնողներն ամեն ուրբաթ նրան քրոջ հետ միասին հայկական դպրոց են ուղարկել, բայց այս ընթացքում հասցրել է տեղը-տեղին մոռանալ այն:

Նշենք, որ Րաֆֆի Կիրակոսյանը Հայաստան է ժամանել ապրիլի 12-ին` ԹՈւՄՈ կենտրոնի հրավերով: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի կրթական մթնոլորտին եւ աջակցել ծրագրավորման ոլորտում կրթական ծրագրերի ընդլայնմանը:

Ապրիլի 14-ին եւ 16-ին Րաֆֆի Կիրակոսյանը «Գրագետ կոդավորման մեթոդները» թեմայով դասընթաց է անցկացրել, որտեղ գործարարության մեջ ոլորտի ամենանշանակալի ձեռբերումներն է ցուցադրել: Ապրիլի 15-ին եւ 17-ին նա ոլորտի մասնագետներին է ներկայացրել Twitter API-ի գործնական կիրառությունները` տվյալների հայտնաբերման գործընթացքում: Ուսումնական դասընթացին մասնակցություն են բերել ոլորտի 30 ներկայացուցիչներ, որոնք նախօրոք ԹՈւՄՈ-ում հաջողությամբ էին հանձնել առաջարկված ծրագրավորման քննությունները: 

Շաբաթվա ընթացքում Twitter-ի փոխնախագահը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների հետ եւ համաշխարհային տենդենցներն ու հայկական ՏՏ ոլորտին մտահոգող ներկայիս մարտահրավերները քննարկել: Ապրիլի 17-ին Րաֆֆի Կիրակոսյանը եւ ԹՈւՄՈ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման տենդենցները քննարկել:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Կիրակոսյանը Twitter-ի կարեւորագույն ենթակառույցները սպասարկող ինժեներների հսկայական բանակ է ղեկավարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ