News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 17։30-ից բողոքի ակցիա անցկացնող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցներին ժամը 20։00-ի մոտ միացավ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«ԴԵՄ ԵՄ»-ի անդամները նրան դիմավորեցին  սուլոցներով, «ամոթ», «դեմ եմ» վանկարկումներով, բութ մատը՝ ներքեւ պարզած։

Հովիկ Աբրահամյանը մտավ ցուցարարների մեջ, լսեց հավաքվածների պահանջները, ապա ասաց, որ տեղյակ է խնդրին, փորձելու է լուծում տալ դրան՝ նշելով, որ առաջին քայլն ինքն արդեն արել է՝ հանձնարարելով շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչեւ Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։

Վարչապետը խոստացավ, որ իրենք չեն սպասի մինչեւ օրենքը փոխելու համար կառավարությանը եւ խորհրդարանին ՍԴ-ի տված սեպտեմբերի 30-ը, շատ կարճ ժամկետում՝ մինչեւ հունիսի վերջ, կկայացնեն որոշում, որը երկուստեք ընդունելի կլինի։

Հավաքվածները արձագանքեցին «հիմա, հիմա» վանկարկումներով եւ բարձրաձայնեցին իրենց հուզող մի քնաի հարց, մասնավորապես ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողներին ներկայացվող հաշվետվությունների ձեւաթղթից պարտադիր պահումների դաշտը հեռացնելը, Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարչի ընտրության պարտադրանքը հանելը, եւ մինչեւ հիմա կատարված պարտադիր պահումների վերահաշվարկն ու վերադարձը։

«Ձեւական ոչ մի բան չեմ ուզում խոստանալ։ Որ նայեք աչքերիս, կհասկանաք, որ անկեղծ եմ ասում։ Մենք ձեր թշնամին չենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը, ինչին կրկին հավաքվածները պատասխանեցին սուլոցներով։

«Փողոցում ուզում եք պատասխան ստանալ, դա կոռեկտ չի: Որոշեք, վաղը ձեզանից 5-10 մարդիկ, եկեք, մասնակցեք քննարկումներին։ Եթե ուզում եք վաղը պատասխան, վաղը կքննարկենք, կպատասխանենք։ Որ զիջումների գնալու ենք, քայլեր ենք իրականացնելու, դա փաստ է...Ես երեք օրվա վարչապետ եմ, ըմբռնումով մոտեցեք, արդար չեք։ Ինձ հնարավորություն տվեք, որ միասին աշխատենք։ Այստեղ բովանդակային քննարկման վայր չէ։ Թեկուզ վաղը կարող եք տասը հոգով գալ եւ քննարկումներին մասնակցել»,- ասաց վարչապետը։

Հովիկ Աբրահամյանն անընդհատ փորձում էր համոզել ակցիայի մասնակիցներին, որ նմանատիպ ակցիաները փոխարինվեն քննարկումներով, սակայն ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենք կառավարությանը չեն հավատում։

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը ցուցարարների մոտ էր գնացել բազմաթիվ թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ, որոնք լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ նրան։

Հովիկ Աբրահամյանը, տեսնելով, որ ցուցարարների հետ ընդհանուր հայտարարի չեն գալիս, նրանց եւս մեկ անգամ անգամ երկխոսության ու օրենքի փոփոխության շուրջ համագործակցության կոչ արեց, ասաց, որ նախօրեին ուսումնասիրել է ԴԵՄ ԵՄ-ի կայքէջը, ծանոթացել նրանց պահանջներին ու բողոքներին, նշեց, որ ինքը հարցի շուրջ առանձին հանդիպումներ է ունենում գործատուների, հատկապես, ՏՏ ոլորտի մասնավոր ընկերությունների գործատուների հետ ու հեռացավ «ամոթ», «դեմ եմ» վանկարկումների, սուլոցների ներքո։

Հիշեցնենք, ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը  ժամանակ տվեց  խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար։ Որոշումից մեկ օր անց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչեւ այդ գործատուները շարունակելու են աշխատավարձերից պարտադիր 5% պահումները կատարել:

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ