News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կնոջը՝ 36-ամյա Լուսինե Դավթյանին սպանած՝ Արմավիրի Մուսալեռ գյուղի բնակիչ, 38-ամյա Արսեն Առաքելյանը այսօր՝ ապրիլի 18-ին, փորձում էր հրաժարվել մասնակցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող դատական նիստին, որի ժամանակ պետք է վկայություն տար իր 15-ամյա աղջիկը, որը ապակե դռան հետևից տեսել էր, թե ինչպես է հայրը դանակահարելով սպանում մորը։ Իր այս ցանկությունը ամբաստանյալը բացատրեց նրանով, որ չի ցանկանում լսել դստեր անհիմն մեղադրանքները։

«Նա գտնվում է մոր հարազատների ազդեցության տակ»,- ասաց Արսեն Առաքելյանը։

Ամբաստանյալի միջնորդությունը դատարանը մերժեց՝ հիմնավորելով, որ Արսեն Առաքելյանի ներկայությունն անհրաժեշտ է։

Արսեն Առաքելյանի դուստրը՝ Սյուզաննան, դատարանին պատմեց, որ ամեն ինչ սկսվել էր դեռ 2013 թ. հուլիսի 26-ին, երբ հայրը դաժանորեն ծեծեց իր մորը, որից հետո հորը տեղափոխեցին ոստիկանական բաժին։

«Քննիչը մեզ համոզեց, որ ավելի լավ է բողոքը հետ վերցնենք, որովհետև հակառակ դեպքում նա  ստիպված կլինի 200 000 կամ 300 000 դրամ տալ, իսկ դրանից ավելի կատաղած կդառնա»,-դատարանին ասաց Սյուզաննան։

Սյուզաննան պատմեց, որ դրանից հետո իրենք տեղափոխվել են Լուսինեի հոր՝ Ռուբեն Դավթյանի տուն։ Հայրը բազմիցս փորձել է հաշտվել, բայց մայրը չի ցանկացել խոսել նրա հետ։

«Տեսնելով, որ ծնողներս չեն հաշտվում, հորեղբայրս մեզ կանչեց իրանց տուն։ Սկզբում մաման չէր ուզում գնալ, բայց հորեղբայրս ասաց, որ գարանտիա է տալիս, որ իրա հետ բան չի լինի։ Մենք տաքսիով գնացինք իրանց տուն ու տեսանք, որ պապան ու ընտանիքի մյուս անդամները արդեն հյուրասենյակում են։ Սկզբում ես էլ էի խոսակցությանը մասնակցում, բայց հետո ասեցին, որ գնամ կողքի սենյակ, որոշ ժամանակ հետո հետ եկա։ Մաման ասում էր, որ ցանկանում է բաժանվի ու հանգիստ ապրի։ Որոշ ժամանակ վիճելուց հետո երկուսով գնացին ննջասենյակ, որպեսզի առանձին խոսեն։ Ապակու հետևից տեսա, թե ինչպես մայրս ցանկանում է դուրս գալ, բայց հայրս փակեց նրա ճանապարհը և սկսեց ձեռքով հարվածել։ Ապակու հետևից չէի տեսնում՝ ձեռքին ինչ-որ բան կա, թե չէ, բայց երբ որ ներս մտա, տեսա՝ ձեռքը դանակ է, իսկ մաման արյան մեջ է»,-դատարանին ասաց 15-ամյա Սյուզաննան։

Դատախազ Արթուր Կուբանյանի այն հարցին թե արդյոք իր կարծիքով հայրը դիտավորյալ է սպանել  մորը, Սյուզաննան պատասխանեց, որ կարծում է՝ հայրը արդեն նախօրոք մտադրություն է ունեցել սպանելու, քանի որ իր հետ բերել էր վարդագույն պոչով խոհանոցային դանակ, իսկ հորեղբոր տանը նման դանակ չկար։

Սյուզաննայից հետո վկայություն տվեց ամբաստանյալի քեռին՝ Կարապետ Սարգսյանը, որն ասաց, որ Սյուզաննայի խոսքերին չի կարելի հավատալ, քանի որ այդ պահին նա այնտեղ չէր, իսկ այժմ աղջիկը գտվում է Լուսինեի հոր և մոր ազդեցության տակ։ Սպանված կնոջ հայրը՝

Լուսինեի իրավահաջորդի փաստաբան Սեդա Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարապետ Սարգսյանի  դիտարկումներն անհիմն են։

«Սյուզաննայի ցուցմունքը համադրելի է բոլոր փաստերի հետ։ Չի կարող մարդ, որ այնտեղ չի եղել, այդքան մանրամասն ամեն ինչ նկարագրել։ Այսպիսով՝ ես կարծում են, որ Սյուզաննայի ցուցմունքն արժանահավատ է  և գործին փոխկապակցված»,- ասաց նա։

Սպանված կնոջ հայրն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր երկու թոռներն էլ, որոնք այժմ իրենց խնամքի տակ են, հիմա ավելի լավ են զգում, քան երբ հոր հետ էին։

«Իսկ եթե երեխաները ցանկանան շփվել իրենց հոր հետ, ապա ես չեմ խանգարի»,- ասաց Ռուբեն Դավթյանը։

Նշենք, որ դատարանը աշխատանքային օրվա ավարտի պատճառով չհասցրեց լսել բոլոր վկաներին, և դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 5-ին։

Հիշեցնենք, որ 37-ամյա Արսեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, իր եղբայր Արտակ Առաքելյանի Մուսալեռ գյուղում գտնվող տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջը՝ 36-ամյա Լուսինե Դավթյանին սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ կեսերին, որովայնի առաջային պատին և վերին վերջույթներին, որի հետևանքով վերջինս ստացա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ նույն օրը` ժամը 23:00-ին մահացել է:

Արսեն Առաքելյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Տպել
Ամենաշատ