News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կնոջը ծեծելու, խոշտանգելու մեջ մեղադրվող՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, բախտագուշակ Վարսիկի որդու՝ Սարգիս Հակոբյանի գործով հերթական դատական նիստին այսօր՝ ապրիլի 18-ին, վկայություն տվեցին դատաբժիշկը եւ մեղադրվող կողմի վկաները։

Դատաբժիշկ-փորձագետ Չախոյանը, ներկայացրեց դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

«Մենք տվել ենք հնարավոր եզրակացություն, այսինքն կարող են նաև տուժողի մարմնի վրա առաջացած սպիերը լինել ֆուրունկուլների հետևանք, բայց կարող են առաջանալ նաև ծխախոտի այրվող գլանակի ջերմային ազդեցության հետևանքով »,- ասաց Չախոյանը:

Գործով վկա Հայկազ Ղազարյանը, որն ամբաստանյալի հեռու բարեկամն է, պատասխանելով դատավորի հարցին, արդյոք մայիս-հունիս ամիսներին ընկած ժամանակահատվածում տուժող Հասմիկ Խաչատրյանին տեսել է վիրակապերով, ասաց. «Ո՛չ, ո՛չ, նման բան չեմ տեսել»:

Դատավոր Ա. Պետրոսյանը նկատեց. «Այ մարդ, քեզ ինչ հարցրեցինք, ասեցիր՝ չէ, հասկացանք, որ սովորացրել են»:

Դատարանում որպես վկա հանդես եկավ նաև ամբաստանյալի քույրը՝ Վիկտորյա Հակոբյանը, որը պատասխանելով տուժողի փաստաբանի հարցին, թե արդյոք Սարգիս Հակոբյանը համբերությունից շուտ-շուտ էր դուրս գալիս, ասաց. «Ինքը հասցնում է, դրա համար շուտ-շուտ է դուրս գալիս համբերությունից։ Դարձել է շոու բիզնեսի աստղ՝ զվեզդոչեկ»,- ցույց տալով Սարգիսի կնոջը, ասաց նա։

Բախտագուշակ Վարսիկի հաճախորդ եւ ընտանիքի բարեկամ ներկայացած հաջորդ վկան՝ Մարիետա Սարգսյանը պատմեց, որ Հասմիկը լավ մայր չէ, երեխաների դաստիարակությամբ չի զբաղվում, «իներտ» է։ «Մի անգամ ես տեսա, ոնց էր երեխայի մազերից բռնել, պատերին խփում»,- ասաց վկան՝ նշելով, որ երեխաների վրա երբեւէ վերքեր կամ արյան հետքեր չի տեսել։

Որպես վկա հրավիրված Արման Սուքիասյանը ներկայացավ որպես Հակոբյանի երեխաների քավոր: Երեխաների մայրը զարմացավ. «Երբ են երեխաները կնքվել, ես նման բան չեմ հիշում»։

Պարզվեց, որ երեխաները կնքվել են առանց մոր իմացության, ծնողների բաժանումից մի քանի օր հետո: Հիշեցնենք, որ Հասմիկի եւ Սարգիսի որդին այժմ հոր մոտ է, մայրը սպասում է որդու խնամակալությունը ստանձնելու վերաբերյալ քաղաքացիական հայցի քննությանը, իսկ դուստրը, որը սահմանափակ կարողություններ ունի, Հասմիկի հետ է ապրում։

Դատական նիստին բացի դատական գործի կողմերից եւ «Կանանց աջակցման կենտրոնի» անդամներից, մասնակցում էր նաեւ Սոցիալիստական շարժման ղեկավար, «Հայ-ռուսական միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար, նախկին նախագահի թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը: 

Նա եկել էր «հայկական ընտանիքը պաշտպանելու ամերիկյան մոտեցումներից»։

«Իմ տիկնոջը ես կապտակեմ, բայց կինս թույլ չի տա, որ դա դուրս գա տան պատերից։ Մենք հայկական մենթալիտետ հասկացությունը կորցրել ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ահարոյանը։ 

Հիշեցնենք, որ Սարգիս Խաչատրյանը մեղադրվում է ամուսնական կյանքի ընթացքում կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու, պարբերաբար ծեծի ենթարկելու, մարմնական և հոգեկան տառապանք պատճառելու մեջ: Հասմիկը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ 9 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ինքը բազմիցս ծեծի է ենթարկվել. ամուսինը մինչև անգամ աթոռը ջարդել է իր թիկունքին ու աթոռի կոտրված մասով հարվածել գլխին: Նա պատմել էր, որ ամուսնու տնից փախչելու օրը դաժան ծեծի էր ենթարկվել, որի հետեւանքով պատռվել էր ականջի թաղանթը:

Տպել
Ամենաշատ