News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մոտենում է Սուրբ Զատկի տոնը, եւ Վահագնի բնակելի թաղամասը պատրաստվում է նշել այն՝ ոչ միայն օրվա խորհուրդը կիսելով թաղամասի բնակիչների հետ, այլեւ իր դռները բացելով բոլոր հետաքրքրվածների համար: Վահագնի թաղամասում Սուրբ Զատիկը կտոնվի ապրիլի 20-ին, ժամը 13:30-18:00 տարբեր միջոցառումներով՝ հայկական ավանդական արարողություններ, մրցույթներ, կենդանի երաժշտություն, ինչպես նաեւ բարեգործական վաճառք եւ աճուրդ, որի նպատակն է աջակցել Հայաստանի շրջաններում ձեռներեցության զարգացմանը, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերել սիրիահայերին:

Սուրբ Զատիկը ընտանեկան տոն է, հետեւաբար Վահագնի թաղամասում տեղի ունեցող տոնակատարությունը նախատեսված է ինչպես մեծերի, այնպես էլ՝ երեխաների համար: Օրը կսկսվի Սուրբ Զատկի՝ հատկապես երեխաների սիրելի ավանդական խաղերով՝ հավկիթախաղով եւ ձվի որսով: Այնուհետեւ քահանայի օրհնությամբ եւ ղեկավարությամբ տեղի կունենա Վահագնի համայնքի օրհնություն: Դրան կհաջորդի Զատկի երթ, որը կուղեկցվի երգչախմբով եւ տոնական տրամադրություն կստեղծի:

Սուրբ Զատկի տոնակատարության խորհուրդներից է նաեւ  ավանդական ճաշատեսակներով եւ գինով ճաշկերույթը: Վահագնի թաղամասում Սուրբ Զատկի օրը նախատեսվում է բացօթյա խնջույք՝ ավանդական հայկական ուտեստներով, քաղցրավենիքով ու գինով: Բացօթյա խնջույքը տեղի կունենա թաղամասի  գոլֆի դաշտում, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու հրուշակեղենի բարեգործական վաճառքին: Բացի բարեգործական վաճառքից տեղի կունենա նաեւ բարեգործական աճուրդ, որտեղ կվաճառվեն Զատկի տոնական զամբյուղներ:

Բարեգործական վաճառքից ու աճուրդից ստացված գումարի մի մասը կուղղվի սահմանամերձ գյուղերի համար նախատեսված չրի պատրաստման սարքերի ձեռքբերմանը՝ դրանով նպաստելով սահմանամերձ շրջաններում աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսության եւ ձեռներեցության զարգացմանը: Խնդիրն այն է, որ գյուղերի հեռավորությունը շուկաներից խոչընդոտում է բերքի իրացմանը: Չրի պատրաստման սարքավորումները կարող են դառնալ այդ դժվար իրավիճակի արդյունավետ լուծումը, որը կնպաստի գյուղերում տնտեսության զարգացմանը:

Իսկ գումարի մյուս մասը կուղղվի «Հալէպ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպությանը՝ սիրիահայերին օժանդակության ցուցաբերելու նպատակով: Վահագնի թաղամասում տեղի ունեցող Սուրբ Զատկի տոնակատարության մասնակիցները հնարավորություն կունենան աջակցել սահմանամերձ գյուղերի տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ օժանդակել դժվար իրավիճակում հայտնված սիրիահայերին: 

«Արդեն 8-րդ տարին է, ինչ Վահագնի թաղամասում  կազմակերպում ենք Սուրբ Զատկի տոնակատարությունը: Ինչպես միշտ, այս անգամ էլ աշխատել ենք ամենը կազմակերպել ուրախ, գունավոր ու տպավորիչ: Մեզ համար շատ կարեւոր է հետեւել այս տոնին բնորոշ հայկական ավանդույթներին, ինպես նաեւ բարեգործությամբ  համախմբել բոլորիս ջանքերը՝ աջակցելու մեր համայքներին: Այս անգամ մեծ ուրախությամբ մեր դռները բացում ենք նաեւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն մեզ հետ նշելու այս տոնը», – ասում է Նինա Հովնանյանը:

Տպել
Ամենաշատ