Հայաստանի ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» թեմայով: Գիտաժողովը տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նորակառույց գիտաժողովների դահլիճում ս.թ. ապրիլի 21-ից 22-ը` ժամը 10:30-ին:
Գիտաժողովում զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լեհաստանից եւ ԱՄՆ-ից:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցողները կանդրադառնան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի զորակոչին, նրանց զինաթափմանը , երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը , պանթուրքիստական ցանցի գործունեությանը, օտարազգի լրագրողների գործունեությանը, հայերի ինքնապաշտպանական մարտերին, պատերազմող երկրների դիվանագիտության դերին, վկայություններին, հայ կամավորական շարժմանը, հայ գաղթականությանը եւ վերապրողներին առնչվող հարցերին:
Պատմական ակնարկ . Կովկասյան ռազմաճակատը, որտեղ ծավալվում էին լայնածավալ որոշիչ ռազմական գործողություններ, մոտ լինելով մերձավորարեւելյան ճակատին, կենտրոնացրել էր բավական մեծ ռազմական ռեսուրսներ` ըստ այդմ ունենալով որոշակի ազդեցություն պատերազմի վերջնական ելքի վրա:
Երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց հայերի` նախապես ծրագրած ցեղասպանությունը ոչ միայն Արեւմտյան Հայաստանի, այլեւ Օսմանյան կայսրության ողջ տարածքում, ինչպես նաեւ Կովկասի եւ Հյուսիսային Իրանի շրջաններում: Կոտորածների ու բռնագաղթի ենթարկվեց տարածաշրջանի հույն, ասորի եւ եզդի բնակչությունը:
Կովկասյան ճակատի պատերազմական գործողությունների ընթացքում մարդասիրական օգնությանը եւ փախստականների բազմաթիվ խնդիրներին առնչվող հարցերն առանցքային էին, քանի որ այստեղ էին կենտրոնացել թուրքական կոտորածներից փրկված մեծ թվով փախստականներ, ովքեր գաղթել էին նահանջող ռուսական զորքերի հետ: Մարդասիրության ճգնաժամի պայմաններում գործում էին բազմաթիվ հայկական, ռուսական եւ ամերիկյան մարդասիրական կազմակերպություններ (Մոսկվայի հայկական կոմիտե, Համառուսաստանյան քաղաքների միություն, Ռուսական «Կարմիր խաչ», Տատյանինյան կոմիտե, Ամերիկյան նպաստամատույց եւ այլն):