News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան առթիվ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված «Հրաժեշտի» նամակի հեղինակն իրականում մեքսիկացի գրող Ջոնի Վեյչն է: Այս մասին NEWS.am-ին ասաց գրականագետ Ալա Խառատյանը:

«Այս նամակը 2000թ.-ին հրապարակվել է պերուական թերթերից մեկում՝ որպես Մարկեսի ստեղծագործություն, սակայն գրողը հրապարակավ հայտարարեց, որ դա իր գրածը չէ: Այնուհետեւ պարզվեց, որ հեղինակը մեքսիկացի Ջոնի Վեյչն է: Այդ ժամանակ նույնիսկ Մարկեսը զարմացավ՝ մի՞թե կարելի է ինձ այսպես շփոթել»,- ասաց գրականագետը:

Անդրադառնալով Գարսիա Մարկես գրողին՝ Ալա Խառատյանը նշեց, որ մի քանի խոսքով անհնար է բնութագրել ու ասել, թե որն է Գաբրիել Մարկեսի արձակի մեծությունը, քանի որ դրանք բազում հնարքների, գեղարվեստական ձեւերի ու իմաստային ենթաշերտերի ամբողջություն է: Բայց նշեց, որ իր կարծիքով գրողի լավագույն հատկանիշներից մեկը երեւակայությունների աշխարհն է ու դրանց մատուցման ձեւ՝ որպես իրականություն, եւ մարդու մենակությունը այդպես միֆականացնելը:

«Մարկեսի միֆական աշխարհը որպես ռեալություն ներկայացնելը կոչվել է մոգական ռեալիզմ եւ նրա արձակի ամենակարեւոր արժանիքներից է խորհրավորը, արտասովորը: Երեւակայությունը, որը երբեմն անհասկանալի է, երբեմն սարսափելի, բայց իրական է թվում: Մարկեսը ասում էր, որ այդպես իրեն մանուկ ժամանակ հեքիաթ էր պատմում իր տատը: Իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ մանուկ ժամանակ լսում էի տատիս պատմությունները, որ անիրական, մտացածին բաներն այնպիսի տոնով էր մատուցում, որ ինքը զարմանում էր, իսկ հետո կիրառել է այդ մեթոդը- ասաց գրականագետը:

Մեր դիտարկմանը, թե շատ գրականագետներ Գարսիա Մարկեսին համեմատում են Հրանտ Մաթեւոսյանի հետ, Ալա Խառատյանն այնքան էլ չհամաձայնվեց. «Դրանք տարբեր են: Գուցե ինչ-որ հատկանիշի ու մտածողության հատում կա, բայց չի կարելի բացարձակացնել այդ նմանությունը: «Աշնան արեւի» ու «Հարյուր տարվա մենության» հերոսների միջեւ զուգահեռներ են անցկացնում, օրինակ՝ Աղունի ու Ուրսուլայի, այս առումով իհարկե կա, երկու ուժեղ կանանց կերպարներ, երկրի, տարածքի միֆականացումն էլ, բայց դե դա միայն Մարկեսին ու Մաթեւոսյանին չէ հատուկ»:

Եվ վերջում, ինչ կարելի է ասել կոլումբիացի գրողի մասին, գրականագետը նշեց. «Այն գրողներից է, որը համընդհանուր հետաքրքրության եւ սիրո է արժանանացել, ամենաշատ ընթերցվածներից է, բայց սա էլ հարաբերականորեն կարելի է ասել, քանի որ շատերը նրան գիտեն միայն մեկ-երկու գործով, բայց Մարկեսը մեծ է ո՛չ միայն այն գործով, որի շնորհիվ Նոբելյան մրցանակի է արժանացել... Ցանկալի կլիներ, որ շատ բաներ թարգմանվեին, իսկ թարգմանվածներից էլ կարդային ոչ միայն «Հարյուր տարվա մենությունը»: Ինձ շատ սիրելի է «Նահապետի աշունը» վեպը, որը գրողն ինքն էլ շատ բարձր էր դասում»:

Նշենք, որ Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է ապրիլի 17-ին՝ 87 տարեկան հասակում:

Տպել
Ամենաշատ