News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը:

«Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը եւ մեր երկրի առաջընթացին: Մեզ  համար աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու է առաջնահերթ խնդիր, եւ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ երկրի առաջընթացի հենքը տնտեսությունն է: Որեւէ միջամտություն բիզնեսին, անարդար  խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, եւ որեւէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու: Ես հետեւողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու», - մինչ քննարկման մեկնարկը հայտարարել է վարչապետը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել եւ մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ: Այդ փաթեթները միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը եւ վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը,  էլեկտրոնային առեւտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը,  փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը եւ սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:

Մտքերի փոխանակության ընթացքում գործարարները դրական են համարել առաջարկվող փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկել դրանց վերաբերող մանրամասներ:

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար եւ վերահաստատել յուրաքանչյուր լավ առաջարկություն քննարկելու իր պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ