News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը դեռ չի կողմնորոշվել կուսակցությո՞ւնը լքի, թե պաշտոնը: Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում: «Դե հիմի վերջնական կողմնորոշում չկա, հիմա կուսակցության ղեկավարը թող իրա վերջնական դիրքորոշումը հայտնի, ասուլիս պիտի տա առաջիկայում, որից հետո պարզ կլինի»,-ասել է նա:

NEWS.am-ի հարցին, թե կոալիցիայից դուրս գալու որոշումն իր կողմնորոշվելու համար բավարար չէ՞, փոխնախարարը պատասխանել է. «Ես էդպես խնդիր չունեմ, ես դեռ չեմ որոշել, որեւէ մեկը դեռ իմ դեմ նման հարց չի բարձրացրել, ոչ կուսակցությունից ոչ պաշտոնից, դրա համար եթե տենց հարց լինի, արդեն ես կկողմնորոշվեմ, տվյալ պահին խնդիրը իմ դեմ դրված չի` կամ պաշտոնից հրաժարվել, կամ կուսակցությունից»:

Դիտարկմանը, թե ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո վաղ թե ուշ այդ խնդիրը դրվելու է իր առջեւ, որն է իր համար նախընտրելի` Արթուր Բաղդասարյանին հետեւե՞լը, թե պաշտոնավարելը, փոխնախարարը վրդովվել է. «Չեմ կողմնորոշվել, եթե դեռ խնդիրը չկա, խնդրի լուծման մասին ինչի պիտի մտածեմ: Ուզում եք ասեք` ընդդիմությունից ոչ մեկ պաշտոն չունի՞, ունի, ինչի մասին է խոսքը: Եթե Դուք ասում եք. կամ պիտի դուրս գաք կամ մնաք, էլի եմ ասում իմ առջեւ նման հարց չի դրվել ու ընդհանրապես ընդդիմությունից էլ մարդիկ կան, որ պաշտոն ունեն, ինչի մասին է խոսքը»:

Հիշեցմանը, որ փոխնախարարը քաղաքական պաշտոն է, եթե ՕԵԿ-ի քվոտայով է իրեն տրվել, ուրեմն պետք է ընտրություն կատարի, Անուշավան Այվազյանը նույնն է պնդել. «Քանի որ իմ դեմը այդպիսի խնդիր դրված չի, ես չեմ էլ ուզում մտածեմ, երբ կդրվի նոր կկողմնորոշվեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալու որոշում է կայացրել, ինչից հետո ՕԵԿ քվոտայով Արտակարգ իրավիճակների, Քաղաքաշինության եւ Գյուղատնտեսության ոլորտների ղեկավարները ՕԵԿ-ից դուրս են եկել` շարունակելով պաշտոնավարումը: Փոխնախարարները եւս քաղաքական պաշտոններ են եւ չեն կարող շարունակել նույն կուսակցական պատկանելությամբ: ԱԻՆ փոխնարար Դավիթ Կարապետյանը եւս դուրս է եկել կուսակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ