News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՕԵԿ-ի գործողությունները տեղավորվում են Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակներում՝ ունեւորների կուսակցությունների ակումբը նախապատրաստում է իշխանության փոխանցում ՀՀԿ-ից՝ նույն ճամբարին պատկանող այլ քաղաքական ուժի կամ ուժերի դաշինքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը՝ անդրադառնալով իշխող կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուն:

Այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքական դաշտում վերադասավորումներ են ընթանում. ՕԵԿ-ը փորձում է տեղ գրավել ընդդիմադիր ճամբարում: Ձեր կարծիքով որքանո՞վ դա նրան կհաջողվի՝ հաշվի առնելով, որ ոչ հասարակությունը, ոչ քաղաքական ուժերը ՕԵԿ-ին չեն ընկալում որպես ընդդիմություն:

ՕԵԿ-ի գործողությունները տեղավորվում են Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակներում եւ ուղղակիորեն բխում են դրանից՝ ունեւորների կուսակցությունների ակումբը նախապատրաստում է իշխանության փոխանցում ՀՀԿ-ից՝ նույն ճամբարին պատկանող այլ քաղաքական ուժի կամ ուժերի դաշինքի: Այս պահին ես չեմ տեսնում այն խոչընդոտը, որը կխանգարի այդ ծրագրի իրականացմանը: Միաժամանակ կարող եմ ասել, որ այն, ինչը տեսանելի չէ այս պահին, կարող է ի հայտ գալ երկու-երեք տարի անց»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ սա, անշուշտ, իր նախնական գնահատականն է:

Հաշվի առնելով փաստը, որ կոալիցիա չի լինելու եւ ՀՀԿ-ն ըստ ամենայնի միայնակ է կառավարելու երկիրը, դա լրացուցիչ բարդություններ չի՞ ստեղծի ՀՀԿ-ի համար, հատկապես ԱԺ-ում քվեարկությունների ընթացքում:

Այդ բարդություններով կպայմանավորեն իշխանափոխությունը, իսկ իշխանափոխության փաստն էլ կներկայացվի, որպես Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի անառարկելի վկայություն:

Ձեր կարծիքով որ տրամաբանության մեջ էր վարչապետի փոփոխությունը, ինչ խնդիր լուծեց Սերժ Սարգսյանը եւ ինչու հենց Հովիկ Աբրահամյանի վրա կանգ առավ ընտրությունը:

Կարծում եմ, որ վարչապետի հրաժարականը սրընթաց հասունացավ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում: Գուցե դա նաեւ պայմանավորված էր այն հանգամանքով, որ իր կողմից կյանքի կոչված ռազմավարական ծրագրերից որոշները շեղվեցին նախանշված հունից, ինչպես օրինակ պետական ծառայողների պարտադիր ապահովագրության ծրագիրը, որի , որքանով ես եմ հասկանում, եւ իրականացումը, եւ վերահսկողությունը, եւ հասույթը մենաշնորհվել է հօգուտ Առողջապահության նախարարության ու այդպիսով՝ ծրագիրը լիովին իմաստազրկվել է եւ դարձել կոռուպցիոն ռիսկերի նոր աղբյուր: Բայց սա լոկ իմ ենթադրությունն է: Ինչ վերաբերում է նորանշանակ վարչապետին, ապա, թերեւս, այդ նշանակումը միեւնույն քաղաքական գործընթացի բնական բաղադրատարրերից մեկն է:

Կա տեսակետ, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով Սերժ Սարգսյանը սկսում է իշխանությունը հանձնելու գործընթացը: Ձեր կարծիքով, որոնք են Սերժ Սարգսյանի պլաններն այս առումով: ՀՀ նախագահը պատրաստվում է 2018-ին թոշակի՞ գնալ, թե այլ ծրագրեր ունի:

Այս հարցի առաջին մասի պատասխանն արդեն տվել եմ, իսկ ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի ապագա ծրագրերին 2018-ից հետո, ապա, ինչպես վերը նշվեց, առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կարող են հասունանալ եւ ի հայտ գալ այնպիսի նոր հանգամանքներ, որոնք նախատեսված չեն ներկայումս իրականացվող ծրագրերը նախագծողների կողմից:

Տպել
Ամենաշատ