News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թեղուտի հանքավայրի տարածքում կարելի է անգամ հանգստի գոտի ստեղծել, լրագրողներին հայտնել է «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ «Վալեքս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Վալերի Մեժլումյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թեղուտ այցի ընթացքում։ Հանքավայրը եւ լեռնահարստացնող կոմբինատը բարդ ինժեներատեխնիկական կառույցներ են, որոնք բնության հանդեպ հոգատար վերաբերմունք են պահանջում, հավելել է նա։  «Կոմբինատում ջրի ցիրկուլյացիայի լիարժեք փակ համակարգ է ստեղծված։ Բացառված է, որ ջուրը հայտնվի Դեբեդում, որտեղից այն վերցնում ենք», - ասել է Մեժլումյանը։

1-2 տարում ընկերությունը նախատեսում է բնապահպանական եւ առողջապահական համակարգերը հասցնել ISO 14001 եւ OHSAS 18001 ստանդարտների մակարդակին։

Մասնավորապես, ջրահեռացնող սարքերը կներառեն կոլեկտոր՝ ջրառի 13 ջրհորներով։

Կոլեկտորով ջուրը կհասնի լճակ, որտեղից էլ՝ թարմ եւ մշակված ջրի պոմպակայան։

Տեխնիկական ջրի ցիրկուլյացիայի համար կտեղադրվեն պոմպեր, որոնց սնուցման համար ընկերությունը մտադիր է 110 կՎտ-անոց ենթակայան կառուցել՝ ինչպես կոմբինատի, այնպես էլ ընդհանուր էլեկտրաբաշխիչ ցանցի համար։

Հարցին ի պատասխան, թե արդյոք շփումներ ունի բնապահպան ակտիվիստների հետ, Մեժլումյանն ասել է. «Այդ մարդիկ հիմնականում զգացմունքներով են առաջնորդվում եւ, ցավոք սրտի, հաճախ ոչ ճիշտ պատկերացում են ունենում եւ տնտեսությանը, եւ շրջակա միջավայրի վերաբերող փաստերի վերաբերյալ: Հիմնականում այդ կազմակերպությունների նպատակը ոչ թե շրջակա միջավայրին առնչվող խնդիրների լուծումն է, այլ` բոլորովին այլ բան: Բայց մենք փորձում ենք նրանց բոլորի հետ կապ պահպանել»,-ընդգծել է Մեժլումյանը: 

Բնության հանդեպ անհոգ վերաբերմունքը, գործադիր տնօրենի խոսքով, ոչ տեղացիները կհանդուրժեին, եւ ոչ էլ ինքը, որ 20 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաշատ գյուղում արմատներ ունի: «Եթե բնության պահպանության շուրջ ճիշտ լուծումներ առաջ քաշենք, ապա այստեղ լեռնահանքային արդյունաբերությունից բացի ոչ միայն հանգստի գոտի (հյուրանոցային տնտեսություն արդեն ունենք), այլ նաեւ հանքավայրում առկա փիրուզից պատրաստված զարդերի արտադրության եւ վաճառքի կենտրոն կարող ենք կազմակերպել»,-հայտարարել է Մեժլումյանը:

«Վալլեքս» ընկերությունների խմբում ներգրավված ընկերությունների շարքում են ACP-ն, որ Ալավերդիի պղնձաձուլական գործարանն է ղեկավարում, Base Metals-ը, որ Դրմբոնի հանքավայրն է շահագործում, ինչպես նաեւ «Թեղուտ» ՓԲԸ-ն: Խմբի կառույցում է նաեւ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն, որ օգտակար հանածոների երկրաբանական հետազոտություններով եւ գնահատմամբ է զբաղվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ