Այն, որ հայերի հանդեպ իրագործված հանցագործությունները կազմակերպված են եղել Օսմանյան Թուրքիայի կողմից, իհարկե`փաստ է, որ երկրի ղեկավարության որոշումներով ու հրահանգներով, ինչպես նաեւ 1919թ. ստամբուլյան տրիբունալով է ապացուցված: Այս մասին ապրիլի 21-ին կազմակերպված «Առաջին աշխարհամարտի կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» թեմայով միջազգային գիտաժողովին հայտարարել է Ռուսական գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեվսկին` հանդես գալով «Առաջին աշխարհամարտի տարիներին պանթյուրքիստական գործակալական ցանցի գործունեությունը Կովկասում» հիմնազեկույցով:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը եւ հասարակական շրջանակները դեռեւս այն տարիներին էին վերջակետ դրել այն հարցին, թե ով է մեղավոր Հայոց ցեղասպանության իրականացման մեջ, սակայն այդ վերջակետը եվրոպացիներն են դրել, եւ ոչ թուրքերը:
Վիկտոր Նադեին-Ռաեվսկիի գնահատմամբ, բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք ողբերգության հսկայական մասշտաբների մասին են խոսում: «Ինչ էլ որ թուրքերն ասեն ունեցվածքի թվաքանակի եւ ոչնչացման վերաբերյալ, խոսքն այստեղ ավելի քան 2,5 հազար բնակավայրերի, շուրջ 2400 եկեղեցիների, հարյուրավոր հայկական դպրոցների, ձեռնարկությունների, վարելահողերի մասին է գնում, որոնք միանգամից առանց սեփականատիրոջ մնացին»,-ընդգծել է գիտաշխատողը:
Նա համոզմունք է հայտնել, որ թուրքերը պետք է դատապարտեն իրենց նախնիկների գործած հանցագործությունները: «Հուսանք, որ ազգային խիզախությունը կտիրապետի Թուրքիայում, դրանում է կայանում նրանց, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ապագան»,- հայտարարել է թուրքագետը: