News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նշանակում է, որ Հայաստանում «կյանքը թանկանալու է»: Այս մասին NEWS.am-ին ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ապրիլի 18-ին Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի արված հայտարարությանը, թե ապրիլի 29-ին հնարավոր է Հայաստանն անդամակցի ոչ թե Մաքսային միությանը, այլ Եվրասիական տնտեսական միությանը:

«Մաքսային միությանն եւ Եվրասիական տնտեսական միության մեջ կան էական տարբերություններ: Մաքսային միության մեջ մտնելով՝ մեր պարտավորությունները վերաբերում են միայն մաքսատուրքերի ընդհանուր դրույքաչափերի կիրառմանը: Մեր մաքսային դրույքաչափերը 2.7 անգամ ցածր են, քան մյուս երկրներում, որն էլ բնականաբար կբերեր գնաճի, սակայն որոշ ժամանակ տնտեսվարողները հնարավորություն կունենային հարմարվել տնտեսական նոր իրավիճակին: Տնտեսական միությանը միանալը նշանակում է պարտադրված, ինքնակամ համաձայնվել նրանց տնտեսական քաղաքականությանը, որը սակայն մեզ համար անհասկանալի է, քանի որ ունենք մեր տնտեսական ներքին քաղաքականությունը: Անհասկանալի է, թե ինչու ենք մենք հիմա մտնում Եվրասիական տնտեսական միություն, որտեղ հարկային դրույքաչափերը բարձր են այն դեպքում, որ մեզ մոտ այդ դրույքաչափերը զգալիորեն ցածր են»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը սկզբում անդամակցեր Մաքսային միությանը. «Որոշ ժամանակ անցներ, հարմարվեինք ու դրանից հետո արդեն հիմնավորված մտնեինք Եվրասիական միություն: Լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնելու, մենք այլեւս ոչ մի առավելություն չենք ունենա: Այս համաձայնագրի ստորագրումից հետո կհայտվենք ավելի վատ վիճակում»:

Հարցին՝ ինչու իշխանությունները որոշեցին անդամակցել հենց Եվրասիական տնտեսական միությանը, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Իշխանությանը որոշում կայացնելու հնարավորությունից զրկել են, որովհետեւ եթե մենք մտնում ենք այդ միության մեջ, նշանակում է, որ մեր կյանքը թանկանալու է»:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը ապրիլի 18-ին գրել էր, որ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու նրա առաջին տեղակալ Կարինե Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ  հնարավոր է Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ