News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայերի հեռախոսահամարի հաշվին կարող է գումար չլինի, բայց բջջային լավ հեռախոսը պարտադիր է: Սակայն Հայաստանում դեռ շարունակում են օգտվել քաղաքային հեռախոսներից, ընդ որում` բավական ակտիվ, նույնիսկ ձայնային ծառայությունների, առավել եւս` համացանցի համար: Իսկ բջջային հեռախոսներով 3G տեսազանգերից շատ քիչ են օգտվում, առավել նախընտրում են  Skype-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց  «ԱրմենՏել» («Բիլայն» բրենդ) ՓԲԸ –ի գլխավոր տնօրեն  Անդրեյ Պյատախինը:

«Ամերիա» խմբի մարտին ներկայացված ուսումնասիրության տվյալով` ֆիքսված հեռախոսակապից ամեն օր օգտվում է 15-69 տարեկան բաժանորդների 68,7%-ը: Ձեր եկամուտներում մե՞ծ է ֆիքսված հեռախոսակապի բաժինը:

Իհարկե: 2013թ. տվյալով` ֆիքսված հեռախոսակապից ստացած մեր եկամուտը ավելի մեծ էր, քան բջջայինից ստացածը: Եվ որքան էլ տարօրինակ է, ֆիքսված հեռախոսակապի մեծ պահանջարկը մեծ է առավել տարեց բաժանորդների եւ Երեւանից դուրս բնակվողների  շրջանում: Սա շատ հետաքրքիր է մեզ համար: Ավելին, ֆիքսված հեռախոսակապը համարվում է առավել հուսալի, եւ դա իսկապես այդպես է:

Իսկապե՞ս:

Այո, մենք էներգաապահովման շատ ուժեղ ռեզերվացում, շատ ուժեղ համակարգեր ունենք:

Որպես ազգային օպերատոր` մեր պատասխանատվության տակ են Հայաստանի անվտանգության հետ կապված կառույցների կապի միջոցները: Սա մեր սոցիալական  ծանրաբեռնվածության մի մասն է, որը կրել ենք եւ հիմա էլ  շարունակում ենք: Եվ ոչ միայն մարզերում, այլեւ Երեւանում մենք տեսնում ենք, որ մարդիկ նախընտրում են ֆիքսված հեռախոսակապը պահել որպես «բեքափ»:

Օրինակ, երբ էլեկտրականության խափանում եղավ, մեր կապն աշխատում էր, քանի որ այն ցածր լարմամբ է եւ կարող է աշխատել անգամ անջատումների պարագայում: Սա մեր առավելությունն է:

Իսկ երիտասարդության համար քաղաքային հեռախոսը երեւի հնություն է, գրամոֆոնի նման մի բան:

Մենք ֆիքսված կապի թրաֆիքի նվազում ենք տեսնում: Բայց միաժամանակ նկատում ենք, որ աճում է ֆիքսված հեռախոսակապով ինտերնետի պահանջարկը: Մարդիկ երեկոյան աշխատանքից տուն վերադառնալով չեն օգտվում բջջային ինտերնետից, նրանք օգտվում են, օրինակ, մեր Hi-Line-ից, այդ թվում` դրանից միացված Wi-Fi –ից:

Դա մտնում է ֆիքսված հեռախոսակապի եկամուտների մե՞ջ:

Իհարկե, ընդհանուր առմամբ ձայնային ծառայություններից ստացված եկամուտն ամբողջ աշխարհում նվազում է, եւ բավական արագ: Իսկ համացանցից ստացված եկամուտը` աճում: Սա թրենդ է ամբողջ աշխարհում: Այդ թրենդի շրջանակում նվազում են միջազգային զանգերը Հայաստան կամ Հայաստանից դուրս` Skype-ի եւ այլ   over-the-top տեխնոլոգիաների շնորհիվ: Նրանց հետ մրցակցելն անհնար է, նրանց պետք է ընդունել որպես եղելություն: Իսկ ձայնային եկամուտների մի մասը գնում է բջջային կապին: Եթե ձեռնտու է բջջայինից զանգահարելը, զանգահարում են:

Միջքաղաքայինով քիչ են զանգահարում միայն ֆիզիկական անձի՞նք: Թե՞, միգուցե,  կորպորատիվ հատվածը նույնպես Skype-ից է օգտվում: 

Կախված է ընկերության քաղաքականությունից: Մեզ մոտ, օրինակ, չի թույլատրվում Skype-ից օգտվել, այն հուսալի չէ: Սակայն դա չի նշանակում, որ ուրիշներն այն չեն օգտագործում: Կորպորատիվ հատվածի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ես չունեմ, սակայն նույնն է նաեւ այնտեղ:  Մենք Skype-ով տեսակոնֆերանսներ չենք անցկացնում, դրա համար մենք օգտագործում ենք հատուկ ծրագիր: Skype-ից մենք օգտվում ենք այն դեպքում, երբ մեր զրուցակիցը մեզ հետ  կապվելու այլ հնարավորություն չունի: Դա մեր ընկերության IT քաղաքականությունն է: Հնարավոր է` Ռուսաստանում եւ Եվրոպայում այդ միտումն ավելի թույլ է, սակայն նման իրավիճակ է:  IT անվտանգությամբ անհանգստացած շատ խոշոր ընկերություններ  Skype-ը իրենց IT պաշտպանությունում պոտենցիալ  խոցելի կետ են համարում: Չլինելով տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ մասնագետ` կարծում եմ, որ այստեղ էլ որեւէ ապահովագրություն կա, սակայն  դա բազմաթիվ օրինակների վրա մշակված փորձ է:

Մենք նույնպես այդպիսի փորձ ունենք: Մեր բաժնետերերից նորվեգական  «Telenor» ընկերությունը հեռահաղորդակցման փորձով հնագույն ընկերություն է, այդ թվում նաեւ` ֆիքսված կապի առումով:

2011թ. հայկական շուկա են սկսել մուտք գործել ֆիքսված հեռախոսներ` տեսազանգերի եւ sms-ի հնարավորությամբ: Որքա՞ն հեռանկարային է այդ ուղղությունը  «ԱրմենՏել»-իհամար:

SMS-ի փորձը ֆիքսված ցանցերում մենք վերլուծել ենք հենց  «Telenor»-ի հետ: Եզրակացությունն այսպիսին է. ծառայությունը պահանջված չէ: Դրանով կարող են հետաքրքրվել առաջադեմ օգտվողները, որոնց հետաքրքրում են նորույթները, սակայն մեծամասնությանը հարմար չէ  sms ուղարկել հեռախոսին. դա պարզապես ընդունված չէ: Իսկ նրանք, ովքեր աշխույժ օգտվում են քաղաքային հեռախոսից, ավելի մեծ տարիքի մարդիկ են, որոնք այդքան էլ սովոր չեն sms-ներին:

Ինչ վերաբերվում է տեսազանգերին, ապա մեր դիտարկած որոշումները չեն մրցակցում պարզագույն Skype-ի հետ: Skype-ն ավելի հեշտ եւ հարմար է:

Որքան հիշում եմ, «ԱրմենՏել»-ը Հայաստանում առաջինն է տեսազանգ առաջարկել` դեռեւս  2008թ. հունիսին:

Դրանից գրեթե չեն օգտվում: Ինչո՞ւ: Պատասխանները շատ են: Դրանցից մեկն անսպասելի է, սակայն մարդկային հոգեբանության հիմքում է ընկած. կանայք չեն պատասխանում տեսազանգերին, քանի որ վախենում են, որ էկրանին վատ տեսք ունենալ: Ինչ-որ մեկը կարող է ժպտալ, սակայն դա փաստ է: Իսկ ինչ-որ մեկին էլ հարմար չէ տեսազանգը փոքր էկրանին: Իսկ Skype-ը մեծ է եւ պարզ: Իսկ պարզությունը եւ էժանությունը միշտ հաղթում են:

Մենք տեսանք, որ տեսազանգերից օգտվում են նրանք, ում դա հետաքրքիր էր: Իսկ սովորական բաժանորդները դա չընդունեցին: Ընդ որում, այդպես տեղի է ունեցել գրեթե բոլոր երկրներում:  Բացառությամբ  Ճապոնիայի, սակայն այնտեղ եւս եկամուտն այնքան էլ մեծ չէ: Սա այն ծառայությունն է, որը օպերատորները չեն զարգացնում եւ մշակում համարյա ոչ մի տեղ:

Զրուցեց Արամ Գարեգինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ