News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական ղեկավարության կողմից  կիրառված պոլիտիցիդի հիմնական հետեւանքը Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի ապաքաղաքականացումն էր: Այս մասին «Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» գիտաժողովում ապրիլի 21-ին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնի աշխատակից Մելինե Անումյանը` հանդես գալով  «Պոլիտիցիդը Հայոց ցեղասպանության համատեքստում» զեկույցով:

Ըստ նրա` ցեղասպանություններն ուսումնասիրող գիտությունում «պոլիտիցիդ» կամ «քաղաքական սպանություն» տերմիններով բնորոշվում է ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդների ազգային, քաղաքական, հասարակական, զինվորական, գիտական եւ մշակութային գործիչների կանխամտածված եւ զանգվածային ոչնչացումը: «Հայոց ցեղասպանության դեպքում պոլիտիցիդի մեկնարկը տրվել էր 1915թ. ապրիլի 24-ին, երբ սկսվել էր հայ քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների զանգվածային ոչնչացումը: Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված ազդեցիկ գործիչներից շատերը մահվանից առաջ ցավ են հայտնել, որ ծառայել են թուրքերին: Հայ գիտնականները եւ մշակույթի գործիչները մեծ ներդրում են ունեցել   Թուրքիայի գիտության մեջ եւ մշակույթում», - նշել է Մելինե Անումյանը:

Նա ընդգծել է, որ Կոստանդնուպոլսի հայերի նկատմամբ պոլիտիցիդի երեւույթը նկատելի է նաեւ ժամանակակից Թուրքիայում: «Ինչպես 2007թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունը, այնպես էլ հայ լեզվաբան Սեւան Նշանյանի ձերբակալությունը պետք է դիտարկել որպես քաղաքական սպանության մասնավոր դեպքեր», - նշել է Մելինե Անումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ