News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացել է Հայաստանում քաղբանտարկյալների նկատմամբ հետապնդում դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պատասխանը:

«Գրությամբ հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար պարզվել են ինչպես մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ՝ նրանց պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները: Գրության մեջ նաեւ նշվում է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նման տվյալներով մեղադրյալ ներգրավված չէ:

Որոշակիորեն անհասկանալի է վերջին հատվածը, այն դեպքում, երբ դիմումում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գոծով այլ անձի վերաբերյալ որեւէ նշում չկա եւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության բաժնի պետի այդ մասին պատասխանը որեւէ կերպ չի առնչվում դիմումում ներկայացվածին»,-ասված է ՀՔԱ Վանաձորի գրասնենյակի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հեռախոսային զրույցով ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ քանի որ քրեական գործերն արդեն գտնվում են դատարանում ՀՀ ՄԻՊ գրասենյակն այլեւս իրավասու չէ զբաղվելու քաղբանտարկյալների գործերով:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի եւ մի շարք այլ հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին դիմում էր ուղարկվել խնդրանքով, որպեսզի նրանք հետեւողական գտնվեն, որ քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի քննությունը կատարվի պատշաճ կերպով եւ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումը շուտափույթ կերպով դադարեցվի:

Տպել
Ամենաշատ