News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երիտթուրքերի կառավարման տարիներին Օսմանյան կայսրության քաղաքականությունը ոչ միայն հայերի, այլ նաեւ ասորիների եւ պոնտական հույների ոչնչացմանն էր ուղղված: Այս մասին ապրիլի 21-ին կազմակերպված «Առաջին աշխարհամարտի կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» թեմայով միջազգային գիտաժողովին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Չիկագոյի Նորթ Փարք համալսարանի հրավիրյալ դասախոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Խոսրոեւան` հանդես գալով «Ասորիների կոտորածները երիտթուրքերի օրոք. ցեղասպան քաղաքականության քաղաքական ժառանգականությունը» զեկույցով:

Նրա խոսքով, 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի մեկնարկին, առաջին աշխարհամարտի ընթացքում, երբ մարտեր էին ընթանում կովկասյան ճակատում, թուրքերն օգտվել են այդ հանգամանքից եւ կոտորածներ կազմակերպել ոչ միայն հայերի, այլ նաեւ` ասորիների նկատմամբ: «Ներկայումս այդ հարցով զբաղվող բոլոր պատմաբաններն եւ գիտնականները առավելապես ոչ միայն հայերի, այլ նաեւ Օսմանյան կայրսրության տարածքում ապրած բոլոր քրիստոնյաների կոտորածներին են կենտրոնանում:

Այնպես որ կարելի է որոշակի ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ եւ ցույց տալ, որ եթե հայերի պարագայում հայտարարում են, թե հարուստ են եղել ու պայքարել պետության դեմ, ապա խեղճ ասորինե՞րն ինչ էին արել նրանց»,-նշել է Անահիտ Խոսրոեւան: Զեկուցողը փորձել է, արխիվային փաստաթղթերի եւ գիտական հոդվածների վրա հիմնվելով, ապացուցել, որ բացի հայերից, կոտորածների են ենթարկվել նաեւ ասորիները: «Համաձայն միջազգային իրավունքի չափորոշման, այդ ժողովրդի նկատմամբ իսկական ցեղասպանություն է իրագործվել»,- արձանագրել է Անահիտ Խոսրոեւան:

Նրա համոզմամբ, երեք ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների միացյալ պայքարը կարող է ցանկալի արդյունքների բերել, հաշվի առնելով Շվեդիայի օրինակը, երբ հաջողվեց բոլորի նկատմամբ ցեղասպանության փաստի ճանաչման հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ