News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարական 3-րդ շենքի մոտ օրերս NEWS.am-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես հաշմանդամություն ունեցող երիտասարդ աղջկան երկու տարբեր տաքսի ծառայությունների վարորդներ հրաժարվել են սպասարկել՝ չմեկնաբանելով պատճառը:

Նմանատիպ խնդիրներ ունեցող անձանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները Հայաստանում շատ են, սակայն այս մարդիկ միեւնույնն է՝ շարունակում են խոցելի մնալ:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունների պատասխանատու Զառա Բաթոյանը նշում է, որ խնդիրն այն է, որ վարորդները նման հիվանդների հետ շփվելու փորձ չունեն:

«Մինչեւ որ հաշմանդամները չհայտնվեն մեր շրջապատում, մեր բակում, մեր կողքին, մենք նրանց հետ չշփվենք, չենք հասկանա: Պետք է իրազեկել, մարդկանց հոգեբանորեն պատրաստել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ շփվելուն, որ տեսնելիս չխուսափեն»,- ասում է Զառան:

Իսկ հասարակության հետ շփվելու համար Զառան համոզված է, որ նախ եւ առաջ պետք է մատչելի տրանսպորտ:

«Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց նույնիսկ տաքսիով երթեւեկելն է դժվար: Տաքսու վարորդները հաճախ հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե մեքենայում տեղ չկա: Իսկ երթուղային ավտոբուսների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Տաքսին թանկ է, ամեն մարդ նման հնարավորություն չունի, իսկ հասարակական տրանսպորտ էլ պետք է ուղեկցողի հետ նստել, որն էլ կրկնակի թանկ է»,- պատմում է Զառան, որը հաշմանդամության խնդիր ունի եւ ամեն օր ստիպված է տաքսիներից օգտվել:

«Փյունիկ» հաշմանդամների միությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին Հայաստանում գործում է ընդամենը մեկ մատչելի տրոլեյբուս, որը սակայն շատ քիչ է: Հայաստանում հաշմանդամություն ունեցողների թիվն ավելի քան 170 հազարն է: Այստեղից հետեւություն. ինչպե՞ս կարող է մեկ տրոլեյբուսը բավարարել այսքան քաղաքացիների:

Կույրերի միավորման նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը, չնայած տեսողական խնդիրներին, երթեւեկում է ավտոբուսով:

«Վարորդներ կան չեն հասկանում, թե կույրն ինչ է, չեն պատկերացնում: Ես ինքս մարշուտկայով եմ երթեւեկում, վարորդին կամ կողքիս նստած ուղեւորին խնդրում եմ, որ էս ինչ տեղում ասեք, իջնեմ: Իսկ ընդհանրապես առանց ուղեկցողի պարզապես անհնար է, վտանգավոր է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա:

Սա Մարտին Սարգսյանի դեպքում, սակայն շատ կույրեր էլ ստիպված են տաքսիով երթեւեկել կամ ընդհանրապես հրաժարվում են տնից դուրս գալ: Հարկ է նշել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածը վերաբերվում է հենց միջավայրի մատչելիությանը: «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու եւ կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովեն ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության եւ հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներն ու համակարգերը, ինչպես նաեւ այլ հարմարությունների ու ծառայությունների մատչելիությունը, որոնք հասանելի են հասարակությանը եւ՛ քաղաքներում, եւ՛ գյուղական վայրերում»:

Տպել
Ամենաշատ