News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ապրիլի 28-ին հնարավոր է՝ հավաքվի Ազգային ժողովի դիմաց, որտեղ այդ օրը քառօրյա նստաշրջանի քննարկմանը կներկայացվի «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրինագիծը: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, մայրաքաղաքի շենքերի բակերում իրազեկման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շահագրգիռ պետական մարմիններին հանձնարարել է սեղմ ժամկետներում կուտակային կենսաթոշակային մասհանումից հրաժարվելու համար նախատեսված տուգանքների հաշվարկը չեղյալ համարելու մասին օրինագիծ մշակել, որն ուժի մեջ կլինի մինչեւ Ազգային ժողովի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առնչությամբ օրենսդրական փաթեթի ընդունումը: Կառավարությունը պատրաստվում է նոր օրինագիծը ապրիլի 28-ին մեկնարկող խորհրդարանական քառօրյա նստաշրջանի քննարկմանը ներկայացնել:

Տույժերի կիրառումը կասեցնելը, ըստ Հայկ Ավետիսյանի, լուծում չի տա «ԴԵՄ ԵՄ»-ի առաջադրած պահանջներին, քանի որ գործատուները, որոնք նախկինում կատարել են կենսաթոշակային պահումները, կշարունակեն նույն կերպ:

«Շատ լավ գիտենք, որ տույժերը կասեցումն այն մարդկանց համար է, որոնք պահումներ չեն կատարել: Բայց մյուսներն էլի պահումներ կկատարեն՝ մասնավորապես պետական հիմնարկներում և այն մասնավոր հիմնարկներում, որոնք իշխանության  ենթակայության տակ են: Դրա համար մենք շարունակելու ենք պայքարել այնքան ժամանակ, մինչև ոչ մեկից պահում չկատարեն»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ իրենց գլխավոր խնդիրն այն է, որ մարդկանց մոտ պայքարի ոգին չմարի:

Անդրադառնալով վարչապետի՝ «Դեմ եմ»-ի անդամներին քննարկման հրավիրելուն՝ Հայկ Ավետիսյանն ասաց, որ  իրենք չեն պատրաստվում կառավարության հետ քննարկել ՍԴ որոշումը կամ պարտադիրի լավ կամ վատ լինելը: «Քննարկենք, բայց ի՞նչ: Այնպես չի, որ մենք ասում ենք՝ որևէ բան քննարկելու պատրաստակամություն չունենք: Սահմանադրական դատարանի որոշումը քննարկման ենթակա չի: Ուրիշ օրինագիծ եթե առաջարկեն, դա կարելի է քննարկել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար։ Որոշումից մեկ օր անց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչեւ այդ գործատուները շարունակելու են աշխատավարձերից պարտադիր 5% պահումները կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ