Ապրիլի 21-ին Թբիլիսիի Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցում կայացավ հետաքրքիր եւ նշանակալի իրադարձություն` խաչքարի օծում: Խաչքարի օծման արարողությունը եկեղեցու բակում հավաքված հյուրերի եւ ծխականների ներկայությամբ կատարեց Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ Վրաստանի հայ համայնքի մամուլի ծառայությունից:
Եկեղեցու բակում տեղադրված խաչքարը 1602թ.ին անհայտ վարպետի ստեղծած եւ 2005թ. ադրբեջանցիների կողմից ոչնչացված Ջուղայի հայտնի խաչքարերից մեկի ճիշտ եւ ճիշտ նմանակն է: Անցել է ընդամենը 9 տարի նրանից հետո, երբ ադրբեջանցի զինվորները փորձելով ոչնչացնել հայկական հետքը ոչնչացրել են Նախիջեւանի տարածքում գտնվող Հին Ջուղայի հարյուրավոր միջնադարյան խաչքարերով զարդարված հայկական գերեզմանոցը: Եվ ահա, թվում է, թե ոչնչացված խաչքարերից մեկը հարություն է առել Թբիլիսիում: Հարություն առավ մի հայտնի քանդակագործ վարպետի, բազում ժամանակակից խաչքարերի հեղինակի` վարպետ Վարազդատ Համբարձումյանի ջանքերի շնորհիվ: Հիմա Ջուղայի խաչքարը զարդարում է Թբիլիսիի սբ.Էջմիածին եկեղեցու բակը, եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է մոտենալ եւ հերթական անգամ հիանալ 17-րդ դարում ապրած անհայտ վարպետի հանճարով եւ հնագույն խաչքարին հարություն տված մեր ժամանակակից վարպետ Վարազդատի տաղանդով:
Խաչքարի պատվանդանին գրված է՝ «Ջուղա 1602», իսկ կողքին փակցված է մետաղյա տախտակ գրառումով` «խաչքարը նվիրվում է 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրաց Հայոց Ցեղասպանության զոհերի խնկելի հիշատակին: Խաչքար հուշարձանը նմանօրինակն է Հին Ջուղայում ազերների կողմից ոչնչացված հազարավոր խաչքարներից մեկին»:
Պետք է նշել, որ բացման արարողության ժամանակ, Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ ներկա չեին: Չկային նաեւ Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: