News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 երկհարկանի վթարային շինության բնակիչներն ապրում են վախենալով, որ ուժեղ քամուց եւ նույնիսկ իրենց մի կտրուկ շարժումից շենքը կփլուզվի:

Վերջին փլուզումը եղել է երեկ՝ ապրիլի 20-ին,  քանդվել է 2-րդ հարկի արտաքին պատը, որի պատճառով 2-րդ հարկի սենյակների առաստաղին և պատերին առաջացել են տարբեր չափի ճաքեր:

«Ես փոքր տղայիս հետ տան մյուս հատվածում էի ու ձայն լսեցի, եկա, տեսա՝ փլուզվել ա: Այստեղ երկու-երեք տարի է, ինչ բնակվում եմ: Օրեցօր ճաքերը մեծանում են, վտանգն էլ հետը: Ասում են՝ տարհանվեք ձեր միջոցներով, ոչ մի բան չեն առաջարկում: Ասում են՝ գնացեք, որտեղ կուզեք՝ ապրեք: Այս գիշեր այստեղ չեմ մնացել, դեռ չգիտեմ՝ այստեղ կմնամ, թե ոչ: Հնարավոր է՝ այստեղ այլեւս չմնամ երեխային չվտանգելու համար»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց վթարային տան բնակչուհի Մելինե Զախարյանը:

4-րդ կարգի վթարային տունը կառուցվել է 1950-ականներին եւ քանդման ենթակա ճանաչվել 2007թ.: Շինությունում կա 7 բնակարան, 20-ից ավելի  բնակիչ, ոմանք լքել են բնակարանները, մի մասը միայն ցերեկն է անցկացնում բնակարանում, մի մասն էլ ապրում է վթարային տանը՝  վտանգելով կյանքը:

«Մենք վախենում ենք գիշերը այստեղ մնալուց, բայց պիտի մնանք այնքան, մինչեւ մեզ բնակարան տան: Թոռներս, երեխաներս այստեղ չեն բնակվում, ինչպե՞ս բնակվեն, պատին նայեք, ուժեղ փռշտանք, կփլվի: Չի կարելի մարդուն այսպես ահաբեկված պահել: Ապրում ենք սարսուռը սրտներիս վրա, մահն էլ գլխներիս կախված: Ճաքերը գնալով լայնանում են, գիշերն էլ այդ ճարճատյուններն եմ լսում»,- իր բնակարանի ճաքերը ցույց տալով պատմում էր 65-ամյա Գոհար Հակոբյանը:

2008-ից շենքի բնակչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան, որպեսզի իրենց վերաբնակցնեն, բայց անարդյունք. միշտ նույն պատասխանն է՝ բյուջեում գումար չկա, ֆոնդ լինելու դեպքում կվերաբնակեցվեք:

«Ըստ ինձ, դրանք ստեր են: Վերաբնակեցման ծրագրում ընդգրկված բնակարաններ կան ազատ, այդ շենքերը դրա համար են կառուցված. Սիսակյան 22 եւ Մարգարյան 37, մնացածն էլ իրենք գիտեն՝ քաղաքապետարանի ստաբանական կենտրոնում: Վերջին նամակում էլ քաղաքաշինության նախարարի տեղակալը գրում է, որ բնակիչների վերաբնակեցումը նախատեսվում է քննարկել 2015թ.: Դա ծիծաղելի է, իրենք գութ ունե՞ն»,- բողոքում է տիկին Գոհարը:

Շենքի բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց անհապաղ վերաբնակեցնեն, քանի դեռ դժբախտ պատահարներ չեն եղել:

«Երեւի պետք է մենք էլ մեզ պատառոտենք, անպայման գնանք, Կառավարության շենքի մոտ, Բաղրամյան 26, ամպագոռգոռ բաներ ասենք՝ սրան վնաս կտամ, մեզ վնաս կտանք. այդպես չի կարելի: Մարդավարի գրել ենք, պատասխանեք՝ տալո՞ւ եք, թե՞ չեք տալու:

Շենքերը կան, ինչո՞ւ չեք տալիս, պարտադիր է պլակատներով գնանք, վրաերթի ենթարկե՞նք ձեզ: Մեզ բնակարաններ հատկացրեք, թե չէ մահ է լինելու, խայտառակ լինեք հարգելի քաղաքապետարան»,- ասաց Գոհար Հակոբյանը:

Տեսանյութը՝ Գայանե Ապրունցի

Տպել
Ամենաշատ