News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ալ Ջազիրա»-ն  հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հոդվածը՝ ժողովրդավարացման ճանապարհի նախկին խորհրդային հանրապետությունների արձանագրած կամ չարձանագրած հաջողությունների մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորեւ:

«Ուկրաինական ճգնաժամը աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց Ռուսաստանի վրա՝ վերակենդանացնելով սառըպատերազմյան հիշողությունները: Ընդհանուր առմամբ, ուշադրությունը սեւեռվեց բալթյան երկրների, նախկին խորհրդային հանրապետությունների եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների վրա: Ընդ որում, խոշորացույցն այդ երկրների՝ իրենց անկախացումից ի վեր ընտրած ուղիների, քաղաքական էվոլյուցիայի եւ հատկապես նրանց տնտեսությունների այսօրվա վիճակի վրա է պահված:

Խորհրդային միության փլուզման պահին Ուկրաինայի եւ Լեհաստանի տնտեսությունները նույն վիճակում էին: Երկու երկրներում էլ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նույնն էր՝ մի քանի հազար դոլար: Այսօր Լեհաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 14 հազ. դոլար է կամ ավելի քան եռապատիկը Ուկրաինայի ցուցանիշի՝ 4 հազ. դոլար:

Բալթյան հանրապետությունների ներկայիս ցուցանիշները կովկասյան հանրապետությունների համեմատ նույնն են, եթե Էստոնիան, Լիտվան եւ Լատվիան համեմատենք Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ հանելով վերջինիս նավթային եկամուտները:

Գրքերը եւ հետազոտությունները, որոնք հարուստ եւ աղքատ, հաջողակ եւ ձախողված պետությունների միջեւ տարբերությունների մասին պատկերացում են տալիս, ներկայացնում են պատճառները՝ աշխարհագրությունից մինչեւ բնական ռեսուրսներ եւ էթնիկ հակամարտություններ: Սակայն նոր հետազոտությունները գնալով ավելի ու ավելի հանգում են երկու գործոնների՝ լավ կառավարման եւ արդյունավետ ինստիտուտների:

Փոլ Քոլիերը իր հիմնարար «Ստորին միլիարդը» (The Bottom Billion), իսկ ավելի ուշ՝ նաեւ Տարոն Աճեմօղլուն եւ Ջեյմս Ռոբինսոնը «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) աշխատություններում մատնանաշում են, որ պետությունները բարգավաճում են, երբ զարգացնում են համապարփակ քաղաքական եւ տնտեսական ինստիտուտները, եւ ձախողում են, երբ այդ ինստիտուտները դառնում են կեղեքող եւ կենտրոնացնում են իշխանությունն ու հնարավորությունները քչերի ձեռքում: 

Առողջ եւ կայուն զարգացում

Խորհրդային նախկին հանրապետություններում պետությունների ներկայիս վիճակի պատճառներին ես կավելացնեի իմ նկատառումները: Կառավարությունում եւ  կառավարությունից դուրս իմ փորձից ելնելով՝ կարծում եմ, որ մենք պետք է վերանայենք չորս հիմնարար տեսակետ, եթե իսկապես մտադիր ենք մեր երկրները դնել առողջ եւ կայուն զարգացման հունի մեջ: 

Առաջին, նոր, ազատական եւ ազատ շուկայական զարգացում թեւակոխած երկրներում մենք սխալ ենք հասկացել «զարգացում» հասկացությունն ու դրանից բխող մարտահրավերները՝ դրանք դիտելով որպես իրենց բնույթով սոսկ տնտեսական: Զարգացումը քաղաքական գործընթաց է եւ ոչ թե տնտեսական: Այն պահանջում է քաղաքական փոփոխություններ հասարակության մեջ, ինչպես նաեւ վերնախավին եւ հանրությանը ներգրավող կազմակերպված գործընթաց՝ առանց նրանցից մեկին սպառնալու կամ մյուսին վհատեցնելու: Զարգացումը չի ենթադրում գումարների ծախսում միայն ենթակառուցվածքների վրա. այն նշանակում է ենթակառուցվածքներ, որոնք նախագծվում եւ պահպանվում են գործուն կառավարման համակարգեր ունեցող պատասխանատու պետական ապարատի կողմից: Ժամանակակից տնտեսության զարգացման ճանապարհին պահանջվում է արդար եւ թափանցիկ հանրային ծառայությունների մատուցում: Դեպի ծով ելք ունենալով եւ անհամար քանակությամբ նավթի տակառներով չէ, որ պայմանավորվում գործուն տնտեսությունը: Այն կարող է իրականություն դառնալ միայն քաղաքական կամքի եւ քաղաքական մտածելակերպի փոփոխության արդյունքում: Տնտեսապես զարգանալու համար մեր երկրները պետք է նախ քաղաքականապես զարգանան:

Երկրորդ, շինծու ժողովրդավարացումը վտանգավոր է եւ անարդյունավետ: Այն խեղաթյուրում է հարաբերությունները կառավարության եւ հանրության միջեւ՝ առաջ քաշելով անիրականանալի ակնկալիքներ եւ խոչընդոտելով այն առաջընթացը, որ կարող էր տեղի ունենալ հասարակության մեջ այլուր: Աշխարհում կան շատ բարգավաճ երկրներ, որոնք ժողովրդավարական չեն եւ չեն էլ հավակնում ժողովրդավարական կոչվել: Սինգապուրը բարգավաճող երկրի օրինակ է, որտեղ ժողովրդավարական իրավունքները լայնորեն կասեցված են: Արաբական Միացյալ Էմիրությունները մեկ այլ օրինակ է: Եթե մեր երկրների վերնախավերն իսկապես միայն տնտեսական զարգացում են ուզում, ապա չպետք է ժողովրդավարացման շոու անեն: Այն կառավարությունները, որոնք կրկնում են կանխատեսելի ժողովրդավարական ձեւակերպումները, սակայն իրենց ժողովրդի մոտ բավարար վստահություն չունեն՝ ընտրական գործընթացը հարգելու կամ  թափանցիկ կառավարում իրականացնելու համար, քաղաքացիներին ստիպում են դուրս գալ փողոց, որ կա՛մ հատվածական բնույթ է կրում, ինչպես Հայաստանում, կա՛մ դառնում է խրոնիկական, ինչպես, թերեւս, Վրաստանում է:

Երրորդ, խորհրդային դարաշրջանի իշխանության սահմանումը շարունակում է խեղաթյուրել օրինակարգ իշխանության ժամանակակից հասկացությունը։ Համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք էին Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան եւ Մարտին Լութեր Քինգը ուժ չունեին, սակայն գործում էին իշխանության դիրքերից: Նրանք իրենց գործով փոխեցին աշխարհը: Բացառությամբ անկախությանն անմիջապես հաջորդող կարճ ժամանակահատվածի՝ մեր հասարակությունները չեն ունեցել ժողովրդի համաձայնությունը վայելող որեւէ կառավարություն: Բիրտ իշխանության, բացառող եւ դաժան իշխանության, ժառանգաբար փոխանցվող իշխանության իրականացումը կարող է շարունակվել, սակայն դա մեր առաջնորդներին չի երաշխավորի այն իշխանությունը, որն անհրաժեշտ է նրանց նշանակալի, տեւական,  քաղաքական կամ տնտեսական փոփոխություն իրականացնելու համար: Տնտեսական աճը եւ փոփոխությունը նախ եւ առաջ կախված են վստահությունից եւ հավատից:

Վստահության ամենամեծ թշնամին լռությունն ու սուտն են: Տնտեսական վայրիվերումների պայմաններում լռությունը հանգեցնում է շահարկումների, խորացնում է անապահովությունը եւ առավել թուլացնում վստահությունը:

Վերջապես, կոմունիզմից պոկվելու ճանապարհին մեր ընդունած վայրի, գրքային կապիտալիզմին հետեւելը չի աշխատում: Մենք կարող ենք եւ պետք է մտածենք հանրային-մասնավոր գործընկերության առավել ժամանակակից եւ նրբանկատ ձեւի մասին, որը պետությանը հնարավորություն կտա ըստ անհրաժեշտության միջամտել՝ ռազմավարական ոլորտներում աջակցություն ցուցաբերելու եւ տնտեսական աճ երաշխավորելու նպատակով: Դժբախտաբար, երբ չկա օրենքի անսասան գերակայությունը, հանրային-մասնավոր հարաբերությունները երբեմն հանգում են հանրային միջոցներն  անձնական նպատակներին ծառայեցնելուն: Եթե որոշ հաստատություններ մասնավոր հատվածում խորտակվում են եւ ոչ թե լողում, ապա դա չպետք է բացատրվի նրանով, որ կառավարությունը չի արել իր պարտականությունը գործուն տնտեսական միջավայր ստեղծելու համար:

Բոլոր այս ոլորտներում փոփոխություններին խոչնդոտող հիմնական արգելքը ինստիտուտների եւ օրենքի գերակայության համընդհանուր ընդունման բացակայությունն է: Չնայած աշխարհի զարգացած երկրները կարողացել են փոխանցել աջակցություն եւ օժանդակություն, սակայն նրանց չի հաջողվել հզոր հաստատրություններ փոխանցել: Հարավային Կովկասի երեք պետություններից եւ ոչ մեկը չունի ուժեղ ինստիտուտներ:

Տնտեսագետ Միլթոն Ֆրիդմենը Խորհրդային Միության անկումից մեկ տասնամյակ անց գրեց, որ եթե անկախության առաջին օրերին նրա կոչը նորանկախ բոլոր երկրներին ամեն ինչից առաջ սեփականաշնորհումն էր, ապա մեկ տասնամյակ անց ինքը եկել է այն համոզման, որ թերեւս օրենքի գերակայությունն ավելի կարեւոր է:

Անշուշտ, մենք պետք է վերանայենք այս հիմնարար գաղափարները: Վերջիվերջո մենք աննախադեպ փորձի առարկա էինք, եւ ավելի քան երկու տասնամյակ անց պետք է դուրս գանք լաբորատորիայից եւ  որոշենք մեր սեփական ճակատագիրը:

Ուկրաինայում սկսված բարձր խաղադրույքներով աշխարհաքաղաքական պայքարի քաշքշուկում լավ կառավարման եւ ինստիտուտներ ստեղծելու կարեւորության մեր գիտակցությունն է, որ մեծապես կարող է պայմանավորել, թե արդյոք մենք ի վիճակի կլինե՞նք ճիշտ ընտրություն կատարել եւ գնալ այն երկրների հետեւից, որոնք ի ցույց են դրել արդյունավետ կառավարման եւ ինստիտուտների կառուցման իրենց կարողությունները»:

Տպել
Ամենաշատ