News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, ապրիլի 21-ին, պատարագից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը:

Խաչքարի օծումից հետո Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ խաչքարի տեղադրման հովանավոր, պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը բացել են խաչքարը՝ հեռացնելով սպիտակ քողը:

Իր ելույթում դեսպան Մանուկյանը, մասնավորապես, նշել է. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  հույժ կարեւոր եւ պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է: Շուրջ մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունից, սակայն, ցավոք, հայ ժողովրդի դեմ կատարված այդ ոճրագործությունը մինչ օրս համընդհանուր ճանաչում եւ դատապարտում չի ստացել: Սա ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունն է, այլեւ ողջ մարդկության ամոթը, քանզի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը եւ չճանաչումը հետագայում հանգեցրեց նոր ցեղասպանությունների եւ ոճրագործությունների»:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանը՝ ՀՀ դեսպանն ընդգծել է, որ եվրոպական քաղաքակիրթ ազգերի ընտանիք ձգտող երկիրը պարտավոր է դրսեւորել եվրոպական պետությանը պատշաճ քաղաքավարական մակարդակ, բարոյական ուժ եւ քաղաքական կամք՝ պատմական անժխտելի փաստերի իրողությունն ընդունելու համար, ինչպես դա արեց Գերմանիան` դատապարտելով Հոլոքոստը:

Դեսպան Մանուկյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով Վրաստանում եւս ստեղծվել է հանձնախումբ, որում ընդգրկված են ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հայ համայնքի գործիչներ եւ մտավորականներ: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է հայ ժողովրդի արդար պահանջը հասու դարձնելը նաեւ մեր բարեկամ երկրի՝ Վրաստանի հասարակությանն ու իշխանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ