News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ապրիլի 25-ին անցում է կատարում հանրային քննարկումների, որոնց ընթացքում հասարակության տարբեր շերտերի հետ քննարկվելու է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այս մասին NEWS.am-ին ասաց սահմանադրագետ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

«Հաջորդ նիստն այս ապրիլի 25-ին է լինելու: Հանրային քննարկումների փուլ է սկսվում, որի ժամանակ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն է քննարկվելու տարբեր ձեւաչափերով: Օրինակ՝ Գագիկ Հարությունյանն այս պահին հայեցակարգը քննարկում է կառավարման ակադեմիայում: Եղել են քննարկումներ Երեւանի պետական համալսարանում, լինելու են հանդիպումներ տարբեր մասնագետների հետ:

Հուլիսի մեկին այդ փուլը կավարտվի եւ ամբողջական հայեցակարգը կներկայացվի ՀՀ նախագահին, որից հետո նա կորոշի ընդունելի է այն, թե ոչ: Եթե ընդունելի է, ապա 10 ամսվա ընթացքում պետք է պատրաստվի նախագիծը, որից հետո այն կգնա Ազգային ժողով եւ դրանից հետո արդեն հանրաքվեի: Եթե ընդունելի լինեն Սահմանադրական բարեփոխումները, ապա դրանք լավագույն դեպքում հաջորդ տարվա վերջ նոր կընդունվեն»,- ասաց նա:

Նշենք, որ այս պահին խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել Սահմանադրական բարեփոխումներին: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մասնավորապես ասել էր. ««Առկա կիսանախագահական համակարգը չի նպաստում արդյունավետ կառավարում իրականացնելուն: Այս համակարգը մեծամասնությանը հնարավորություն է տալիս որոշել ամեն ինչ եւ թելադրել: Երբ ասում ենք, որ խորհրդարանական համակարգի պետք է անցնել, մենք խրվելու ենք դրա մեջ մասնագիտական առումով, որը ամենաարդյունավետ համակարգն է մեր կարծիքով:  Եթե որեւէ ուժ գնա այլ տարբերակով, մեր մոտեցումները տարբեր կլինեն»:

Քաղաքական մյուս ուժերից ԲՀԿ- եւ ՀԱԿ-ը կտրուկ դեմ են արտահայտվել բարեփոխումներին՝ տարբեր պատճառներով: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզված է, որ հիմա տնտեսական բարեփոխումների ժամանակն է, ոչ թե՝ Սահմանադրական:

«Հիմա տնտեսական բարեփոխումների կարիք կա, ոչ թե սահմանադրական բարեփոխումների: Երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է, իսկ իրենք սահմանադրական բարեփոխումներ են անում: Այս փոփոխությունները կարելի է անելի ավելի ուշ, բայց ոչ հիմա»,- ասել էր նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս առթիվ նշել է, որ իշխանությունները չգիտեն, թե ինչ են ուզում. «Աշխարհում ընդունված է, որ այս կամ այն երկրի առաջնորդը հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների փաթեթով, եթե կարծում է, որ դա երկրում կառավարման լավագույն մոդելն է: Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀԿ-ն՝ սահմանադրական բարեփոխումների փաթեթ հրապարակելով: Մենք անբացատրելի իրականության ենք բախվել. գործող նախագահը հասարակությանն է ներկայացնում սահմանադրական փոփոխությունների փաթեթ՝ ըստ էության առաջարկելով անցում կատարել կառավարման նոր համակարգի, սակայն միաժամանակ հայտարարում է, որ կառավարման ներկայիս կիսախորհրդարանական-կիսանախագահական համակարգը համարում է ավելի լավ եւ արդյունավետ: Այդ դեպքում, ինչո՞ւ է նա կառավարման այլ մոդելի անցում կազմակերպում: Սա միանգամայն անհեթեթություն է»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պետք է ամբողջությամբ եւ մանրամասն ուսումնասիրել, այնուհետեւ՝ գնահատականներ տալ:

«Սա նոր չէ, եղել է քաղաքական օրակարգում նորանկախ Հայաստանի պատմության սկզբից, ընդունվեց այն, ինչ ընդունվեց եւ փոփոխվեց, հետագայում ունենք այն, ինչ ունենք: Հիմա, իհարկե, դժվար է  ամբողջական գնահատական տալ, դա բավականին լուրջ փաստաթւղթ է, պետք է ուշադիր ուսոււմնասիրել եւ մասնագիտական եզրակացություններ տալ, քաղաքական վերլուծության ենթարկել, ժամանակ է պահանջում վերջնական գնահատական տալու համար: Պետք է ճշտել նաեւ, թե երբ պետք է դա դրվի հանրաքվեին, շատ կարեւոր է այդ ժամկետը»,- նշել էր նա:

«Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես դեմ է Սահմանադրական բարեփոխումներին: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր. «Դեռեւս 2012թ. նոյեմբերին Հայաստանի քաղաքական օրակարգում կար խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու առաջարկ:   Եթե հիշում եք այն ժամանակ հարցի հետ կապված ՕԵԿ քաղխորհուրդի նիստում տեղի ունեցավ քննարկում եւ մենք արձանագրեցինք, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը  համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաեւ ժամանակավրեպ եւ անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Նկատի ենք ունեցել, որ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ եւ ժողովրդավարական իշխանություն»:

Սահմանադրական բարեփոխումներին անդրադարձել է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը՝ ակնհայտ դեմ արտահայտվելով խորհրդարանական մոդելին: Քոչարյանը մասնավորապես ասել էր. «Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձեւում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»:

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս իր վերջին հարցազրույցում հպանցիկ անդրադարձել էր Սահմանադրական բարեփոխումներին, նշելով. «Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենեւին չի փոխվելու եւ ինչպես նախկինում շարունակելու է հետապնդել մինչեւ իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը եւս տասը տարով երկարաձգելու նպատակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ