News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրականում ուղղված էր գործող նախագահ Սերժ Սարգսյանին, նույնիսկ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին չեզոք կարծիքն ուղղված էր նախագահին: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Ռոբերտ Քոչարյանն իրականում քննադատում է իշխանություններին, հատկապես գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Եթե նայենք հարցազրույցը, ապա վերջին հարցի պատասխանը, թե նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց, ուզեցել է ասել, որ իշխանությունների գործողություններն ունեցել են ողբալի արդյունք, եւ խոսքը ոչ միայն կառավարությանն է ուղղված, այլեւ հենց նախագահին: Սա հենց բացահայտ քննադատություն է: Միայն այս նախադասությունը չէ: Ամբողջ հարցազրույցում Քոչարյանը քննադատում է Սերժ Սարգսյանին»,- ասաց նա:

Արմեն Բադալյանը համոզված է, որ նույնիսկ Հովիկ Աբրահամյանի մասին կարծիքը ուղղված է նախագահին:

«Հովիկ Աբրահամյանի մասին որ ասաց, թե իր ժամանակ նախարար է եղել, Քոչարյանն ուզում էր ասել, որ Սերժ Սարգսյան, դու էլ ժամանակին Պաշտպանության նախարար ես եղել, բայց հիմա լավ նախագահ չես»,- նշեց փորձագետը:

Նշենք, որ ապրիլի 22-ին 2rd.am-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաեւ նախկին եւ ներկայիս վարչապետերին, գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Տպել
Ամենաշատ