News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա մասնավորապես հայտարարել է հետեւյալը.

«Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել   խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել  հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ հանրապետության նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ եւ այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որեւէ ենթատեքստի, եւ ես հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման եւ միասնական աշխատանքի ուղեցույց:

Եվ այսպես`

1. Կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, եւ մենք պարտավոր ենք ապահով եւ արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի  համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ սոցիալական կարգավիճակից: Հետեւաբար, դրան պետք է հասնենք բոլորս միասին, համատեղ ջանքերով: Կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասարակական բոլոր ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Դեմ եմ» շարժման, ինչպես նաեւ այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների  եւ անհատների հաղթանակը:

2. 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր»  բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:

3. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ ընդունելի` հասարակության լայն շերտերի համար:

4. Այսօրվանից մենք անցնում ենք «Կենսաթոշակային բարեփոխումներ՝ առավելագույն ճկունության պայմաններում» բանաձեւին: Դա նշանակում է, որ նպատակին հասնելու ենք հնարավորինս ընդունելի ու անցավ ճանապարհով եւ, որ ամենակարեւորն է, միասնական աշխատանքի շնորհիվ:

5.  Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար եւ կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

6. Եվ այն պահին, երբ ձեզ հետ միասին ինքս էլ համոզվեմ, որ արդեն գտել ենք ՀՀ սահմանադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի եւ ընկալելի է  նաեւ մեր քաղաքացիների տարբեր շերտերի համար,  այն ժամանակ բոլորիդ խոստանում եմ, որ հետեւողականորեն  իրագործելու եմ այն: Եթե նույնիսկ մնան փոքր խմբեր, որոնք  կշարունակեն ընդդիմանալ, ես կրկնակի հետեւողական կլինեմ՝ յուրաքանչյուրին անձամբ բացատրելով, որ իրենք սխալվում են,բայց դրա համար նախ ինքս պետք է վստահ լինեմ, որ ճիշտ ենք գործում:

Այսպիսով`

• Այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչեւ նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Միաժամանակ վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստաձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, եւ ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար:  Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն:

• Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10–օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի:

• Եվ վերջում, ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.

- Դե՛մ եմ, որ որեւէ մեկը որեւէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,

- Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձեւով կյանքի կոչվեն,

- Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որեւէ հարց բաց կամ չպարզաբանված մնա,

- Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարեւոր ծրագրում որեւէ շահառու խմբի ձայն չլսված մնա:

Դեմ եմ:

Բայց, որ ավելի կարեւոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ