News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք պարտավոր ենք եւ կարող ենք շրջել պատմության անիվը. եթե մեզ հաջողվել է պետություն ստեղծել 1915 թ. ահռելի կորուստներից հետո, ապա այսօր մենք պարզապես դատապարտված ենք հաջողության: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:

Հայտարարությունում ասվում է.

«Թշնամին, օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, նպատակ ուներ Ցեղասպանությամբ ավարտին հասցնելու հայությանը ուծացնելու, ֆիզիկապես ոչնչացնելու, արտագաղթեցնելու եւ հայկական հոգեւոր-մշակութային ու նյութական ժառանգությանը տիրանալու միջոցով մեզ հայրենազրկելու եւ մեր Հայրենիքը յուրացնելու` դարեր առաջ սկսած գործընթացը:

Ցեղասպանության հիմնական պատճառը պետականության կորուստն էր ու գաղութացված վիճակը: Իսկ դրա իրականացման համար խիստ նպաստավոր եղավ այն հանգամանքը, որ հայությունը չկարողացավ կազմակերպվել եւ պատերազմը դիմավորել պետականություն ստեղծելուն միտված համաժողովրդական ծավալի ազգային-ազատագրական պայքարով, այլ շարունակեց ապավինել օտար ուժերին:

Հայ ժողովուրդը միայն 1915 թ. աղետալի ցնցումից հետո հասկացավ, որ պիտի բացառապես ապավինի ինքն իրեն: Եվ, չնայած Ցեղասպանության ահռելի կորուստներին, մեր ժողովուրդն այնքան ուժ գտավ իր մեջ, որ կարողացավ իրագործել Սարդարապատի հրաշքն ու ստեղծել հայկական պետություն:

Սակայն հետագայում բավարար չափով գիտակից ու կազմակերպված չլինելու պատճառով մենք կորցրեցինք եւ՛ պետական ինքնիշխանությունը, եւ՛ մի շարք կենսական տարածքներ:

Նույն պատճառով դրանից յոթ տասնամյակ անց խորհրդային կայսրության փլուզման շնորհիվ մենք որպես նվեր ստացած դե յուրե ինքնիշխան պետությունը չկարողացանք նաեւ դե ֆակտո ինքնիշխան դարձնել: Դրա հետեւանքով այն վերածվել է արդի նորկայսերական շահերի սպասարկման գործիքի, ուրացել է ազգն ու Հայրենիքը, երկիրը վերածել է բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի եւ վարում է յուրային ժողովրդի կեղեքման ու հայրենազրկման քաղաքականություն: Ասվածի ապացույցը երկրում օրեցօր խորացող համակարգային ճգնաժամն է, աղետալի չափերի արտագաղթը, ինքնիշխանության վերջին մասնաբաժինների հանձնումը, հայրենի Քեսաբն ու քեսապահայերին բախտի քմահաճույքին թողնելը, հայաստանցի ազատամարտիկների` նրանց օժանդակելու փորձերը ձախողելը:

Անկազմակերպվածության եւ ազգային պետություն չունենալու պատճառով չենք կարողանում օգտագործել հայության ահռելի ներուժը: Ցեղասպանության 99-րդ տարելիցն է արդեն, սակայն մենք առաջընթաց ենք գրանցել միայն դրա հիշողության իրավունքի պաշտպանության հարցում: Մինչդեռ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման եւ մեր անօտարելի իրավունքների պաշտպանության հարցում ոչ միայն դոփում ենք տեղում, այլեւ Մեծ Եղեռնի ամեն հաջորդ տարելիցը նախորդի համեմատությամբ ավելի վատ վիճակում ենք դիմավորում: Նման ընթացքի պարագայում մենք կարող ենք կորցնել անգամ մեր ապրելու իրավունքը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցը հայության համար ճակատագրական նշանակություն ունի եւ կարող է լինել այն սթափեցնող ցնցումը, որը կհանգեցնի նրա քաղաքական ինքնակազմակերպմանն ու օր առաջ հայկական պետություն ստեղծելու գործնական քայլերին: Հակառակ պարագայում`այն հոգեբանական առումով կդառնա ազգի ապրելու իրավունքից հրաժարվելու մեկնակետ: Ուստի իրավունք չունենք այսպիսի հակազգային ու մեռնող պետությամբ դիմավորելու այդ տարելիցը:

Նախախորհրդարանը համայն հայությանը կոչ է անում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տոգորվել հույսով ու հավատով, համախմբվել, չբավարարվել իրենց բնակության վայրերում ընդամենը 100-րդ անգամ մեր սուրբ նահատակների հիշատակը խնկարկելով, այլ Հայաստանի քաղաքացիների հետ միասին (ցանկալի է` Հայաստանում) մասնակցել Հայրենիքի ազատագրման եւ ազգային պետության կառուցման գործին:

Մենք պարտավոր ենք եւ կարող ենք շրջել պատմության անիվը: Եթե մեզ հաջողվել է պետություն ստեղծել 1915 թ. ահռելի կորուստներից հետո, ապա այսօր մենք պարզապես դատապարտված ենք հաջողության:

Մենք ենք տերը մեր երկրի:

Տպել
Ամենաշատ