News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ Մշակույթի նախարարությունը դեռ հստակ դիրքորոշում չունի. հարցը դեռ քննարկման փուլում է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

«Շարունակում ենք բարեկարգման աշխատանքները: Շաբաթօրյակներ են լինում, ծառատունկ, ընդհանուր բարեկարգում ենք, սակայն շինարարություն այս պահին չի ընթանում: Բարեկարգումից հետո արդեն կքննարկենք սրճարան տեղադրելու հարցը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինչ որոշում էլ կայացվի, հանրությանը նախապես տեղյակ կպահվի:

Մեր դիտարկմանը, թե նախապես հայտարարվել էր, որ մայիսի 9-ին սրճարանի բացումն է լինելու, ՊՈԱԿ-ի ղեկավարը պատասխանեց. «Դեռ քննարկում ենք, վերջնական որոշում չկա»:

Նշենք, որ Մշակույթի նախարարությունն ու ՊՈԱԿ-ն արդեն մի քանի շաբաթ քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ՝ որոշելու տաճարի տարածքում սրճարան կառուցելու նպատակահարմարությունը: Տուրօպերատորների կարծիքով՝ սրճարանը կվնասի տաճարի զբոսաշրջային գրավչությանը: Պաշտոնական հայտարարություն դեռ չկա, սակայն տեղեկություններ կան, որ  սրճարանի կառուցումը դադարեցնելու որոշումն արդեն կայացվել է։

Հիշեցնենք, որ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը պայքարում էր սրճարանի կառուցման դեմ՝ նշելով, որ չկա Մշակույթի նախարարության հստակ եզրակացություն, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Գառնիի բնակիչները նույնպես միացել էին գյուղապետին։

Տպել
Ամենաշատ