News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հեռավոր 1990թ. Մոսկվայում հրատարակվել էր մեր հայրենակից Յուրի Պետրոսյանի «Օսմանյան կայսրություն. հզորություն եւ վախճան» գիրքը: Տպաքանակը համեմատաբար փոքր էր` ընդամենը 9,3 հազար օրինակ: Բայց այն խելահեղ տարիներին հիշյալ ստեղծագործությունը լայն հանրության կողքով գրեթե աննկատ անցավ: Եվ իզուր:

Թողարկված լինելով ԽՍՀՄ գոյության նախավերջին տարում, գրքում հնարավոր չէր եղել ամբողջությամբ խույս տալ խորհրդային գաղափարախոսության դոգմաներից: Ավելին` Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) կերպարը խորհրդային պատմագիտության համար ավանդական մեկնաբանությամբ էր ներկայացվել` որպես «օտարերկրյա ներխուժման դեմ թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի» առաջնորդ:

Թե հետագայում ինչ հետեւանքներ ունեցավ այդ պայքարը Թուրքիայի տարածքում ապրող այլ ժողովուրդների ներկայացուցիչների համար, բոլորին է հայտնի: Բայց ընդհանուր առմամբ Յուրի Պետրոսյանի պատմական ակնարկը օբյեկտիվորեն է գնահատում Օսմանյան կայսրության ագրեսիվ կեցվածքը: Մինչ ժամանակակից Թուրքիան, որ կարծես թե արտաքուստ զարգացման ժողովրդավարական ուղին է ընտրել, բացահայտ կերպով հպարտանում է իր արյունալի օսմանյան անցյալով:

Մեկը մյուսի հետեւից կեղծ պատմական ստեղծագործություններ են հայտնվում, որ օսմանյան տիրակալներին նույնիսկ իդեալականացնելու միտում ունեն: Դրա վառ օրինակ է «Ֆաթիհ 1453» ֆիլմը, որտեղ սուլթան Մեհմեդ 2-րդի մասին ասվում է, թե նա «մեծ խելքով էր աչքի ընկնում, իր իշխանավարության տարիներին բազմաթիվ առաջադիմական բարեփոխումներ է իրականացրել, իսկ երբ հերթական անգամ նոր հողեր էր գրավում, ապա նոր հպատակներից հարկեր չէին պահանջվում, եւ նույնիսկ պահպանվում էին նրանց մշակութային ավանդույթները»:

Այնինչ համաձայն ժամանակակիցների վկայության, Կոնստանդնուպոլսի գրավումը քաղաքի խաղաղ բնակչության զանգվածային սպանություններով է ուղեկցվել: Այնքան, որ սուլթանը ստիպված էր երկրի այլ շրջաններից նոր բնակիչներ բերել` ամբողջությամբ դատարկված քաղաքը վերակենդանացնելու համար:

Սուլթան Մեհմեդ 2-րդի դաժանությունը լուսաբանում է Յու. Պետրոսյանի գրքում բերված մեկ էպիզոդը. «երբ իտալացի նկարիչ Բելինին նկարում էր սուլթանի դիմանկարը, նա հրամայեց կտրել ստրուկներից մեկի գլուխը միայն այն բանի համար, որպեսզի նկարիչը տեսներ պարանոցի մկանների կծկումը»:

Ի դեպ, այդ «ռեֆորմատորը» օրինականացրեց եղբայրասպանությունը սուլթանների ընտանիքում. «իմ որդիներից նա, ով կտիրի գահին, իրավունք ունի սպանել իր եղբայրներին, որպեսզի կարգ  ու կանոն լինի երկրում»: Իսկ նվաճված ժողովուրդների «կուլտուրական ավանույթների պահպանումը» արտահայտվում էր, մասնավորապես, Սուրբ Սոֆիա տաճարի վերածումը մուսուլմանական մզկիթի:

«Հրաշալի դար» հեռուստասերիալը մեկ այլ հայտնի սուլթանի` Սուլեյման 1-ինին քիչ է մնում ժամանակի հումանիստ ներկայացնի: Մինչդեռ այդ տիրակալն իր դաժանությամբ ոչ նախորդներին էր զիջում, ոչ էլ` ժառանգներին: Սուլեյման 1-ինի եվրոպական զավթողական արշավանքները քաղաքների ու գյուղերի ավերմամբ, հազարավոր պատանդ վերցված զինվորների սպանությամբ, տանսյակ հազարավոր խաղաղ բնակիչների ծեծ ու ջարդով եւ ստրկացմամբ են ուղեկցվել:

Նման ֆիլմերով ու սերիալներով Թուրքիայի քարոզչամեքենան ակտիվորեն ինչպես արտասահմանում, այնպես էլ սեփական երկրում ապրող հասարակ մարդկանց ուղեղներն է լվանում: Առանց փող խնայելու: Ուշագրավ է, որ «Ֆաթիհ 1453» ֆիլմի նկարահանման վրա 17 մլն ԱՄՆ դոլար է ծախսվել:

Նպատակը չափազանց պարզ է` պատմության կեղծման ճանապարհով դրական վերաբերմունք ձեւավորել այդ երկրի անցյալի նկատմամբ: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ բազմաթիվ երկրների հանրության արձագանքը հիշյալ ֆիլմին ամբողջությամբ հակոտնյա էր այն նպատակներին, որ ստեղծագործության հեղինակներն էին հետապնդում: Մասնավորապես այն թշնամաբար է ընդունվել Բալկանյան թերակղզու երկրներում` Բուլղարիայում եւ Հունաստանում: Երկրներ, որոնք իրենց մաշկի վրա են զգացել օսմանյան 400-ամյա լծի բոլոր «հաճույքները»:

Այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ շարունակում են նման «լայն սպառման» քարոզչական ֆիլմեր դիտել:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ