Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի կողմից ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծին:
Օրինագծի բովանդակությունը բավականին անսպասելի էր` առաջարկվում է խոշոր ընկերություններին ազատել տարեկան ֆինանսական հաշվետվության անկախ աուդիտ իրականացնելու պարտականությունից: Գագիկ Խաչատրյանից կամ այլ նախարարից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել. կառավարության անդամները մամուլի ներկայացուցիչներին չեն մոտեցել:
Հայաստանում խոշոր ընկերություններ են համարվում 1 մլրդ դրամից ավել հասույթ կամ ակտիվներ ունեցող ձեռնարկությունները: Ներկայումս նրանք պարտավոր են հաշվետու տարվա համար մինչեւ հաջորդող տարվա հուլիսի մեկը անկախ աուդիտորական եզրակացություն ներկայացնել, հակառակ դեպքում կզրկվեն պետգնումներին մասնակցելու իրավունքից: Սույն պահանջը ուժի մեջ է 2011թ.-ից եւ ժամանակին լայն քարոզում է գտել երկրի կառավարության կողմից: