News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում քուրդ եւ թուրք բնակչության շրջանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ տարբեր ընկալումներ են ձեւավորվել վերջին տարիներին, քանի որ ի տարբերություն թուրքական իշխանությունների, քուրդ առաջնորդները դատապարտում են իրականացված ցեղասպանությունը եւ Թուրքիային առարեսման կոչ անում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիյանը։

Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո Հայոց ցեղասպանության թեմայի վրա դրված տաբուն պատռվեց 2005-ին, երբ պաշտոնապես թույլատրվեց տարբեր սրահներում, համաժողովներում եւ կոնֆերանսներում քննարկել 1915-ի հետ կապված ցանկացած տեսակետներ, որն էլ կարեւոր ուղերձ դարձավ թուրք այլախոհ մտավորականության եւ բնակչության համար։

Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու հարցում բեկումնային նշանակություն է ունեցել Հրանտ Դինքի մահը, որից հետո շատ հայեր, քրդեր եւ քիչ քանակությամբ թուրքեր իրենց բողոքն արտահայտեցին։ «Այս ամենը հող նախապատրաստեց 2010-ից Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն անցկացնելու համար»,-ասաց Իսպիրյանը։

Թուրքագետը, խոսելով քուրդ եւ թուրք բնակչության շրջանում Հայոց ցեղասպանության ընկալման տարբերությունների մասին, նշեց, որ թուրք հայտնի գործիչներ, որոնց կարելի է քուրդ առաջնորդներ համարել, վերջին տարիներին սկսել են դատապարտել երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը եւ կոչ են անում թուրքական իշխանություններին առերեսվել պատմության հետ։ Նա շեշտեց, որ քուրդ հայտնի գործչներից մի քանիսն էլ Ցեղասպանության ժամանակ հայերի կոտորածին մասնակցելու համար ներողություն են խնդրել։

«Այսինքն, քուրդ առաջնորդները փորձոււմ են իրենց տարանջատել Ցեղասպանության հեղինակներից։ Օրինակ, քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը 2 տարի առաջ Թուրքիայի խորհրդարանում հայտարարեց, որ ապրիլի 24-ը պետք է Թուրքիայում կոտորված հայերի հիշատակի օր հայտարարել՝ շեշտելով «ցեղասպանություն» բառը։ Տեսնելով, որ իրենց սիրելի ու ընդունելի առաջնորդներն օգտագործում են «ցեղասպանություն» բառը, քուրդ բնակչությունը եւս սկսել է ազատ օգտագործել այն»,-նշեց Իսպիրյանը։

Բանախոսը հավելեց, որ ցեղասպանության ընկալման հարցում թուրքական հասարակության մեջ եւս փոփոխություններ տեղի են ունեցել, սակայն դրանք շոշափելի չեն, քանի դեռ կա իշխանությունների կողմից իրականացվող Ցեղասպանության ժխտման պետական քաղաքականությունը։

Իսպիրյանը նշեց, որ Թուրքիայի տարբեր բուհերում մի շարք ուսանողները փորձում են հասկանալ ինչ է իրականում տեղի ունեցել եւ գրում են Ցեղասպանությանը նվիրված գիտական աշխատանքներ, ինչն էլ անհանգստացրել է թուրքական իշխանություններին։ «Վերջերս Թուրքիայի պատմագիտական ընկերությունը հրահանգել է բուհերին իրենց տալ այդ աշխատանքների ցանկը եւ ուսանողների անունները»,-ամփոփեց Իսպիրյանը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ