News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քանի դեռ թուրքական պետության առաջնորդները փորձում են խեղաթյուրել պատմական փաստերն ու տնտեսական, քաղաքական լծակներն օգտագործել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտելու համար, չի կարող խոսք լինել հայ եւ թուրք ժողովուրդների այսպես կոչված համատեղ ապագայի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությանը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նրա խոսքով՝ երկու ժողովուրդների համատեղ ապագային, առաջին հերթին, խոչընդոտում է թուրքական վերնախավի ժխտողականության քաղաքականությունը, քաղաքական կամքի բացակայությունը հաշվի նստել սեփական պատմության հետ եւ այդ կերպ փորձեր ձեռնարկել քաղաքակիրթ երկրների ընտանիքում տեղ հավակնելու համար: «Եկել է ժամանակը, որպեսզի թուրքական քաղաքական վերնախավն ի դեմս վարչապետ էրդողանի, գիտակցի, որ իր այսօրվա մտածողությունը, ցավոք, ոչ մի կերպ չի տարբերվում 100 տարի առաջվա Օսմանյան Թուրքիայի քաղաքական վերնախավի մտածողությունից»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

«Թուրքական իշխանության «Զրո խնդիր հարեւանների հետ» բանաձեւը,- նշել է պատգամավորը,- թուրքական հերթական կողծավորություն է, ինչն արդեն վաղուց հասկացել են գերտերությունները: «Ցավոք, այդ երկրները, ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը, ելնելով սեփական քաղաքական շահերից, շարունակում են խուսափել «ցեղասպանություն» բառից: Հաճախ պատմական փաստերը, մարդկային ճակատագրերը, ցավոք, զոհ են դառնում քաղաքական խաղերի»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ պատմաբաններին եւ գիտնականներին վկայակոչելով թուրքերը հերթական անգամ փորձում են խուսափել ճշմարտությունից:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկել է «1915թ.-ի իրադարձությունների մասին հայտարարությամբ»: «Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել: Սակայն չի կարող ընդունելի լինել 1915-ի իրադարձությունները Թուրքիայի դեմ որպես պատճառ օգտագործելը եւ դարձնել այն քաղաքական հակամարտություն։ Այսօր աշխարհում անընդունելի է պատմությունից նոր կռիվների առիթ տվող իրադարձություններից դասեր քաղելը եւ մեր համատեղ ապագայի կառուցման տեսանկյունից էլ օգտակար չէ»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ