News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Մեր պատմության ամենաողբերգական իրադարձության` 1915-ի ցեղասպանության տարելիցի օրը աշխարհի բոլորը հայերը հիշում են 1,5 մլն զոհերին, կորսված պատմական հայրենիքի մեծ մասը` Արեւմտյան Հայաստանը, այցելում ցեղասպանության զոհերի հիշատակին աշխարհի տարբեր երկրներում կանգնեցրած հուշարձաններ եւ խաչքարներ, բողոքի ցույցեր եւ երթեր անցկացնում թուրքական ներկայացուցչությունների մոտ: Այդ օրը մոռացվում են բոլոր քաղաքական, սոցիալական, տեղային եւ այլ տարբերությունները, մենք բոլորս զգում ենք, որ միասնական ենք մեր վշտի եւ արդարության վերականգնման ցանկության մեջ: Սակայն հազվադեպ ենք մտորում, թե ինչո՞ւ տեղի ունեցավ 1915-ը եւ ո՞րն է երաշխիքը ապագայում դրա կրկնությունից խուսափելու համար:

Ցեղասպանության պատճառների մասին խոսելիս հաճախ մոռացվում է գլխավորը` ցեղասպանությունը հետեւանք էր նախեւառաջ այն բանի, որ մենք չունեինք պետություն: Արեւմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, եւ մինչեւ 1915-ն էլ հայերը պարբերաբար ենթարկվում էին, ինչպես ընդունված է ասել հիմա, էթնիկ զտումների` ջարդերի, հալածանքների, արտագաղթի, այդ տարածքում վերաբնակեցնում էին թուրքերի եւ քրդերի: Հայերը, մեծ հաշվով, ոչինչ չէին կարող հակադրել թուրքական պետական մեքենային: Հայաստանի ազատագրության պայքարը, որքան էլ, որ հերոսական եւ անձնազոհ մարդիկ էին դրա մեջ ընդգրկված, ցավոք, չհանգեցրեց ցանկալի արդյունքի:

Հիմա մենք ունենք մեր պետությունը, մեզ չեն կառավարում թուրքական փաշաները, պարսկական խաները կամ ռուսական փոխարքաները: Արդեն 23 տարի է լավ թե վատ, ձեւավորում ենք մեր սեփական իշխանությունը, պահում մեր բանակը, իրականացնում մեր ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Ունենք պետություն, որտեղ նաեւ բազում խնդիրներ ու անարդարություններ կան: Սակայն ոչ ոք չի կարող վիճարկել այն հանգամանքը, որ մեր պետությունն իրականացնում է իր գլխավոր առաքելությունը` ապահովում մեր ազգային անվտանգությունը: Հենց սա է, որ ընկած առօրյա դժվարությունների հորձանուտում, հաճախ մոռանում ենք: Մոռանում ենք, որ եթե չունենայինք մեր պետությունը, մեր դժգոհությունները բոլորովին այլ` օտար տիրապետությունների կրած տառապանքների մասին կլինեին: Ասում ենք «երկիրը երկիր չի» եւ մոռանում, որ երկիրը չի կարող տարբեր լինել այնտեղ բնակվողներից: Ինչպիսին մենք ենք, այնպիսին` մեր ստեղծած երկիրը` 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ամրագրված: Չի կարող ժողովուրդը լավ լինի, իսկ նրա ստեղծած երկիրը` վատ, կամ` հակառակը: Մեր ազգային թերություններն էլ մեր երկրի թերություններն են: Թերություններ, որոնցից գլխավոր այն է, որ մենք չենք սիրում մեր երկիրը եւ պետությունը: Զավեշտ է, երբ Հայաստանում հարցվածների 82 տոկոսն իրեն հայրենասեր է համարում, բայց 46 տոկոսը ցանկանում է հեռանալ երկրից: Իսկ օրինակ` մեզանից մի քանի անգամ ավելի ցածր կենսամակարդակ եւ բարձր կոռուպցիա ունեցող Ուզբեկստանում եւ Ղըրղզստանում երկրից հեռանալու ցանկություն է արտահայտում միայն 10 տոկոսը: Հետեւաբար, արդեն էական չէ, թե այդ երկրներում քանի տոկոսն է իրեն հայրենասեր համարել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ