News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակմանը զոհ գնացած ուղեւորների թիվը 171-ի է հասել:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ փրկարարները ջրի երես են հանել այն անչափահասի մարմինը, ով առաջինն էր հաղորդել, որ լաստանավը խորտակվում է: Տղայի ծնողներն արդեն հաստատել են նրա ինքնությունը: Վերջնական հաստատման համար ներկայումս ԴՆԹ-ի անալիզներ են իրականացվում:

Համաձայն ստացված տեղեկությունների, զանգը ստացվել է նավի` աղետի առաջին ազդանշանն ուղարկելուց երեք րոպե առաջ: Տղան 119 շտապ կանչի հեռախոսահամարն էր հավաքել, որից հետո նրա զանգը հակահրդեհային ծառայությանն էին վերահասցեավորել, իսկ եւս երկու րոպե անց ափային պահպանության ծառայությունն ուղիղ կապի մեջ էր մտել նրա հետ: Որոշ ժամանակ անց խորտակվող նավի վրա գտնվող երեխաներից եւս 20 շտապ կանչի հաղորդագրություններ էին ստացվել:

Լաստանավի անձնակազմի անդամներից մեկը հայտարարել էր, թե աղետի ենթարկվող նավը լքելու հրահանգ են ստացել:

Ավելի վաղ հաղորդագրություններ էին ստացվել առ այն, որ նավի ուղեւորները բողոքել են, թե աղետի ենթարկվելիս անձնակազմը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց տարհանման ուղղությամբ` ընդամենը տեղում մնալու կոչեր են լսվել: Մինչ այդ, հետաքննիչների տվյալներով, կապիտան Լի Չժուն Սոկ-ն առաջիններից մեկն է, որպես ուղեւոր, խորտակվող նավը լքել: Ավելի ուշ նա հայտարարել էր, թե չի համարձակվել տարհանման հրահանգ տալ, քանի որ ջրային հոսանքները կարող էին ուղեւորներին ծովի խորքերը քշել:

Ներկայումս հետաքննություն է տարվում առ այն, թե կարող էր արդյոք վաղ տարհանումը մարդկանց կյանքը փրկել: Տարվող հետաքննության շրջանակում արդեն մի քանի մարդ է ձերբակալվել, այդ թվում նաեւ` լաստանավի կապիտանը: Նրան մինչեւ ցմահ ազատազրկում է սպառնում:

Նշենք, որ աղետի վայրում իրականացվող որոնողա-փրկարարական գործողությունները դանդաղում են ուժեղ ստորջրյա հոսանքների պատճառով: Գործողություններին ներգրավված են շուրջ 550 մարդ, 212 նավ եւ 34 միավոր ավիացիոն տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ