News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 24-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին եւ Լոյս Ֆրենկելը։

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը ողջունել է պատվիրակությանը մեր երկրում եւ ընդգծել, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, եւ հանդիպումը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում առանձնահատուկ խորհուրդ ունի: Սերժ Սարգսյանի խոսքով, դա առաջին հերթին ակներեւ վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը միայնակ չէ իր համազգային ողբերգության մեջ, ինչը մեր ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունի: Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամներին, այդ թվում՝ Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի օրը անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը հայ ժողովրդի կողքին լինելու եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը եւ ամրապնդմանը տարիներ շարունակ աջակցելու, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում կայունության պահպանմանը նպաստելու, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ակտիվ ներգրավվածության համար: ԱՄՆ կոնգրեսականներին նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու խորացնել եւ զարգացնել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները:

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար եւ նշել, որ պատվիրակության կազմում գտնվող եւ՛ Դեմոկրատական, եւ՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների համար եւս չափազանց կարեւոր է հենց այսօր Հայաստանում գտնվելը՝ լավ հասկանալով օրվա խորհուրդը: Էդ Ռոյսի խոսքով, եթե պատմությունը ճիշտ ընթացք չի ունենում, եթե պատմության դասագրքերում այն ճիշտ չի ներկայացվում, ապա, միանշանակ, զարգացումները վտանգված են: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, նաեւ այդ նկատառումով, Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության թեման ներառված է պատմության դասագրքերում եւ դասավանդվում է:

ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրենց ջանքերը ի նպաստ Հայաստանի զարգացման եւ հայ ժողովրդի բարեկեցության:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններին, տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ