News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան մեկ ճանապարհ ունի՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանը, փոխանցում է NEWS.am–ի թղթակիցը:

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Հայաստանը դեռ չի լուծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, բայց անհրաժեշտ է հասնել  միջազգային ճանաչման՝ մտքում պահելով պահանջները: «Այն, ինչի մասին երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետը, ըստ էության, զոհին եւ դահճին նույն հարթության վրա է դնում եւ թուրքական ցինիկ դիվանագիտության դրսեւորում է: Հայտարարելը, որ Թուրքիան խնդիր չունի հարեւանների հետ եւ մշտապես խայտառակ քայլերով հարեւանների համար խնդիրներ ստեղծելը պետք է հանգեցնի Թուրքիայի նկատմամբ գերտերությունների վերաբերմունքի վերանայմանը: Նաեւ անհրաժեշտ է, որ  Թուրքիայի  հետ հարաբերություններ կառուցելիս գերտերությունները իրենց շահերը չդնեն առանցքում, որոնք դառնում են խաղի քաղաքական կանոններ», - նշել է Նաիրա Զոհրաբյանը:

Այս համատեքստում նա նշել է մի շարք բարձրաստիճան  քաղաքական գործիչների պահվածքը, այդ թվում՝ Բարաք Օբամայի, որը ավելի վաղ հայերենով «Մեծ եղեռն» էր ասել, բայց զերծ էր մնացել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:

«Ես վստահ եմ,   քաղաքական գործիչները հոգու խորքում գիտեն, որ իրականում ցեղասպանություն է կատարվել», - ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի եւ Գերմանիայի օրինակով ճանաչի պատմական փաստերը: «Գերմանիան, ճանաչելով Հոլոքոստը, դրանից ավելի թոււյլ չդարձավ: Ավելին, ցույց տվեց, որ տեղ ունի աշխարհի ուժեղագույնների շարքում: Այն, ինչ այսօր անում է Թուրքիան, դեմագոգիա է», - նշել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ