News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի կողմից իրականացվող նախաձեռնությունները կցկտուր կիսաքայլեր են, որի նպատակը միջազգային հանրության աչքին թող փչելն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն՝ անդրադառնալով թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությանը, որ Թուրքիայի կառավարության օրակարգում է 1915-ին տեղահանված հայերի ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն տալու հարցը:

«Մենք տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ թուրքական արտաքին դիվանագիտությունը եւ դրա կրողները, որոնք պատասխանոտւ են նաեւ Հայոց ցեղասպանության համար, տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս: Դրանք բոլորը կես քայլ առաջ ընթանալու համար է բարձրաձայնվում, այնինչ պետք է մեկ ամբողջության մեջ նայենք ու  հասնենք նրան, որ Թուրքիայի իշխանությունները ճանաչեն իրենց նախնիների կատարած ոճրագործությունը:

Հետեւաբար նման նախաձեռնություններով հանդես գալը, այդ թվում ցեղասպանության ժառանգներին հնարավոր քաղաքացիություն շնորհելը, կցկտուր քայլեր են: Դա միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար է արվում, թուրքական դիվանագիտության հերթական հնարքն է: Այլ կլիներ իրավիճակը, եթե Թուրքիան նախ ճանաչեր ցեղասպանությունը, նոր միայն տարբեր նախաձեռնություններով հանդես գար, այդ թվում ցեղասպանության ժառանգներին քաղաքացիություն շնորհելը»,-ընդգծեց Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ «մենք չենք կարող դա ընդունել, որովհետեւ չի կարելի մեկ-երկու քայլեր կատարելով ձեւա անել, թե խնդիրը լուծում են»: «Նրանք էլ են հասկանում որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անելիք ունեն: Ընդ որում անելիք ունի ոչ միայն Թուրքիան ու թուրք հանրությունը, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհը»,-ասել է նա:

Հարցին, թե ցեղասպանության ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն տալը որքանով կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար եւ որն է լինելու մեր հակաքայլերը, ՀՀԿ-ական գործիչն արձագանքեց. «Նախ պետք է բազմակողմանի ուսումնասիրել խնդիրը, թե ինչ կարգավիճակով եւ ինչ պայմաններով է դա տեղի ունենալու: Մյուս կողմից, հաշվի առնելով այն գործընթացը, այն աշխատանքային ռեժիմը, որ սկսվում է այսօրվանից, պետք է մեր ջանքերը կրկնապատկվի, քառապատկվի: Այն ինչ պետք է անենք այս մեկ տարում ուղիղ համեմատական պիտի լինի վերջին 99 տարիներին: Դա հասկանում է նաեւ Թուրքիան եւ պարզ է, որ  հակաքայլեր են փորձելու անել: Այսինքն կարելի է այս բոլոր նախաձեռնությունները դիտարկել հենց այդ տեսանկյունից: Պետք չի ոգեւորվել կամ քննադատել ու ջուր լցնել նրանց ջրաղացին: Այս պահին պետք չէ լրջություն հաղորդել ու փորձել ներքաշվել նման քննարկումների մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ